«Ոսկե սեքսապաթոլոգն» ու այլ հայտնիները` Նունե Եսայանի ծննդյան տոնին

Ժամանցի երևանյան համալիրներից մեկում երեկ հավաքվել էին Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Ջուսը, Գայանե Հովհաննիսյանը, Ժաննան, Լիդուշիկը, Արսեն Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը, Մհերը, Արթուր Իսպիրյանը և այլ հայտնիներ, ինչպես նաև օրվա գլխավոր «մեղավորը»` Նունե Եսայանն իր ամուսնու՝ Ավո Խալաթյանի և որդու հետ.  օգոստոսի 5-ը երգչուհու ծննդյան օրն է, ինչը նրա երկրպագուների համար առիթ էր հանդիսացել եռակի տոն ստեղծել: Այս մասին գրուն է bravo.am-ը:

Կազմակերպելով Նունեի ծննդյան տոնը` երկրպագուները որոշել էին նույն օրը ներկայացնել երգչուհու երկրպագուների պաշտոնական ակումբն  ու կայքը` այս ամենը համեմելով հոբելյարի և նրա կոլեգաների երաժշտական կատարումներով, պարերով ու բարձր տրամադրությամբ: Միջոցառման կազմակերպման գաղափարը պատկանում է երգչուհուն շուրջ 15 տարի երկրպագող, ֆան-ակումբի անդամ Անի Մելիքյանին:

Ի դեպ, երկրպագուները Նունե Եսայանին «Հայ երգի թագուհու» պատվոգիր և շքանշան են  շնորհել: «Մենք մի սրտի պես, համահունչ զարկերով Նունեի կողքին ենք,- ասել է երգչուհու ֆան-ակումբի անդամ, ինչպես Մհերը ներկայացրեց՝ «ոսկե սեքսապաթոլոգ» Վրեժ Շահրամանյանն ու հավելել,- Ձեր արվեստը սահմաններ չունի, այն գեղեցիկ երգերը, որ երգում եք, միմիայն սեր և ջերմություն են փոխանցում հանդիսատեսին»:

Երգիչ Մհերը, որը նաև երեկոյի հաղորդավարն էր, հիշել է, թե Մոսկվայում ապրելու տարիներին մեքենայով երթևեկելիս ինչքան շատ է լսել Նունեի ձայնասկավառակը. «Շատ եմ սիրում քեզ, հարգում»: Նա հոբելյարի հետ կատարել է «Սիրահարվել եմ» երգը: Գրում է bravo.am-ը:Նունեին իր կատարմամբ շնորհավորել է  նաև Արսեն Գրիգորյանը. «Դու արժանի ես ամենալավին: Շնորհակալ եմ իմ երգերը լավագույնս մեկնաբանելու համար»: «Ծնունդդ շնորհավոր» երգի պրեմիերայով է հանդես եկել Լիդուշիկը: Փոքրիկ երգչուհին Նունեի հետ դուետով երգել է նաև «Մամա»-ն: Արսեն Սաֆարյանն էլ երգել է «Քո տոնը շնորհավոր»-ը:«Նունեն շնորհալի, համեստ մարդ է: Տարիներ առաջ, երբ եկավ Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ, միանգամից սիրվեց բոլորիս կողմից և ապացուցեց, որ իր շնորհքը բնատուր է»,- իր կատարումից առաջ ասել է Գայանե Հովհաննիսյանը:
«Սիրելի Նունե, իմ կյանք»,- տիկնոջը դիմել է Ավոն և նրան երգ նվիրել` նշելով, որ իր ելույթը նախապես մտածված չի եղել:
«Դուք ինձ համար միշտ չափանիշ եք եղել ու կմնաք»,- ասել է Սիլվա Հակոբյանը: Հոբելյարին իրենց  կատարումներով շնորհավորել են նաև Սոֆի Մխեյանը, Արթուր Իսպիրյանը, Սոնա Շահգելդայնը, Ջուսը և ուրիշներ: Իսկ Նունեի որդին` Հենրին, A, B, C, D-ն ու «Happy Birthday»-ն է երգել, ապա՝ «մամ ջան» ու «բրավո» կանչել: Երգչուհին էլ է պրեմիերայով հանդես եկել` այն նվիրելով իր երկրպագուներին:Տոնական տորթը կտրելուց առաջ Նունե Եսայանը շնորհակալություն է հայտնել երեկոյի կազմակերպիչ «ֆաներին», որոնք նման տոն պարգեւեցին իրեն, ընկերներին ու կոլեգնաներին, ինչպես նաև լրատվամիջոցներին:

BRAVO.am-ի հետ զրույցում Նունեն նշել է, որ առաջին շնորհավորանքները ստացել է իր երկու ընտանիքից, իսկ այս երեկոյի մասին շատ քիչ բան է իմացել: «Ամեն ինչ երկրպագուներս են կազմակերպել: Մի քանի ամիս առաջ, երբ ինձ հայտնեցին այս գաղափարի մասին, կարծում էի` այն պաշտոնական բնույթ կկրի, բայց այդպես չեղավ: Սա և տարեդարձ է, և ասելիք»,- նշել է երգչուհին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս