«Միայն վեթինգի մեխանիզմը չի բերելու այն արդյունքը, որը ենթադրում ենք». Արթուր Սաքունց
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց՝ վստահ է, որ նիստերի դահլիճում կան մարդիկ, որոնք ՀՀ երեք նախագահների ժամանակ էլ ունեցել են դատական խնդիրներ։ Ուստի ցանկանում է, որ մարդիկ նման խնդիրներ չունենան գոնե չորրորդ նախագահի ժամանակ։
«Մարդիկ չպետք է հետապնդվեն իրենց քաղաքական հայացքների համար, սեփականազրկվեն, խոշտանգվեն, և երկրում չպետք է լինի անպատժելիություն, որը եղել է շարունակական, համակարգային՝ ըստ քաղաքական պատկանելության։ Սա՝ ի պատասխան այն բոլոր հարցադրումներին, թե պե՞տք է անցումային արդարադատություն, թե՞ ոչ»,- նշեց Արթուր Սաքունցը։
Նրա կարծիքով՝ հասարակության մեջ հիմնարար վստահության ակունքն իշխանության տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովումն է։
«Մի կարծեք, որ պետությունը զավթել է միայն Սերժ Սարգսյանի, կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ նրանց խմբի կողմից, որ օրենքները լավն են եղել, ու իրենք թույլ չեն տվել, որ այդ օրենքներն աշխատեն։ Վստահեցնում եմ, որ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ է պետությունը զավթված եղել, օրենքներն այնպես են գրված եղել, որոնք թույլ չեն տվել ձևավորելու իշխանություն։ Այստեղ վեթինգի, զտման մեխանիզմը կլինի միայն ֆրագմենտալ, մեկուսի բնագավառ, որը չի բերելու այն արդյունքը, որը ենթադրում ենք։
Անպատժելիությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մարդու դեմ կատարված հանցագործության համար մեղավորները պատասխանատվություն չեն կրել։ Պետության նկատմամբ չի լինելու վստահություն, քանի դեռ ապօրինի հարստացման հիմքով ձեռք բերված ռեսուրսները գտնվում են մարդկանց ձեռքում, որոնք ցանկացած ժամանակ կարող են օգտագործել որպես քաղաքական կապիտալ՝ ընդդեմ ժողովրդավարական և իրավական պետության ձևավորման ճանապարհին»,- ընդգծեց Արթուր Սաքունցը։
Զվարթ Խաչատրյան