Պակիստանում առնվազն երկու մարդ է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունից
Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս 15-ը՝ վերքեր ստացել այն պայթյունից, որը մայիսի 24-ի ցերեկը տեղի է ունեցել Պակիստանի արեւմուտքում գտնվող Քվետա քաղաքի մզկիթներից մեկում: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է աղոթքի ժամանակ, որին մասնակցում Էր 30-ից մինչեւ 40 մարդ: Նշվում է, որ երեք տուժածներ օրհասական վիճակում են:
Պայթյունն այնպիսի ուժգնության է եղել, որ կոտրել է մերձակայքում գտնվող շենքերի ապակիները: Ներկայում պատահարի շրջանը շրջապատված է ոստիկանության կողմից, կատարվում է հետաքննություն:
Ինչպես հայտնել է Radio Pakistan-ը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներ, պայթյունը տեղիէ ունեցել ինքնաշեն ռումբի ակտիվացման հետեւանքով, որն անհայտ անձանց կողմից դրվել էր մինբարի (ամբիոններ, որտեղից ուրբաթօրյա աղոթք են կարդում) հետեւում:
Առայժմ Պակիստանի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: