Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը. Թուրքիայի սահմանադրական դատարան
Թուրքիայի սահմանադրական դատարանը նախորդ տարիներին երկրի իշխանությունների ու տարբեր դատարանների՝ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը հայերի կրոնական ազատությունների խախտում է որակել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Այս որոշումը վերաբերում է 2010 թվականից սկսած պատրիարքական նոր ընտրություններ անցկացնելու համար հայ համայնքի կողմից՝ Թուրքիայի տարբեր ատյաններ ներկայացված դիմումների մերժումներին:
Գործընթացի նախապատմությունն հետևյալն է.
2010 թվականին, երբ Պոլսի 84-րդ պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանն արդեն անբուժելի հիվանդ էր և անգիտակից պառկած լինելու պատճառով չէր կարողանում կատարել իր պարտականությունները, հայ համայնքից ձևավորված Ներկայացուցիչների խորհուրդը դիմել էր ներքին գործերի նախարարություն՝ ընտրություններ կազմակերպելու թույլտվություն ստանալու համար: Մերժում ստանալուց հետո հայկական կողմը դիմել էր Թուրքիայի պետական խորհրդին (պետական կառավարման ոլորտում առաջացող վեճերը կարգավորող բարձրագույն վարչական դատարան-խմբ.): Պետական խորհուրդը, սակայն, որոշել էր, որ այդ հարցն իր իրավասություններից դուրս է:
Դրանից հետո Ստամբուլի նահանգապետարանի պահանջով անցկացված պատրիարքի ընդհանուր փոխանորդի ընտրությունների արդյունքում փոխանորդ էր ընտրվել Արամ Աթեշյանը: Ներկայացուցիչների խորհուրդն էլ այս որոշման դեմ դատ էր բացել՝ հիմնավորելով, որ պատրիարքի ընդհանուր փոխանորդի պաշտոնը իրավականորեն ձևակերպված չէ: Այդ հայցը մերժվել էր թուրքական դատարանի կողմից: Արդյունք չէին տվել նաև ավելի բարձր ատյանի դատարաններում բողոքարկումները: Այս իրավիճակում 2016 թվականին Ներկայացուցիչների խորհուրդը դիմել էր Թուրքիայի սահմանադրական դատարան:
Հարցի առնչությամբ միայն 3 տարի հետո՝ ս/թ մայիսի 22-ին, Թուրքիայի սահմանադրական դատարանի գումարած նիստում որոշում է կայացվել, որ նախորդած 9 տարվա ընթացքում երկրի դատական ատյանների կայացրած որոշումների հետևանքով խախտվել է Թուրքիայի սահմանադրության 24-րդ հոդվածը, որը երաշխավորում է այդ երկրի քաղաքացիների կրոնական ազատությունները:
Նշենք, որ այս որոշումը պատրիարքական ընտրությունների գործընթացի վրա այս պահին չի կարող որևէ ազդեցություն ունենալ, քանի որ Մութաֆյանի վախճանից հետո ընտրությունների կազմակերպման փուլն արդեն մեկնարկել է: