«Կանայք համատարած բողոքում են». վարչապետը՝ «Գուդվինի» աշխատակիցներին
«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման:
Նրանց մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խնդրեցին կազմել հանձնաժողով, որպեսզի քննարկում լինի, և հասկանան, թե ոնց է լինելու:
«Ամեն մեկս եկել ենք մեր գործի համար: Մինչև Ազգային ժողով տանելն ուզում ենք Ձեզ հետ քննարկել, հիմքից ծանոթանաք ամեն ինչին: Ձեզ մի քիչ ուրիշ ձև են ներկայացրել»,- Նիկոլ Փաշինյանին ասացին բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչները:
«Ժողովո՛ւրդ, այս ընթացքում ուր գնացել եմ՝ մարդիկ համատարած իմ առջև պահանջ են դրել, որ այսպես չի կարելի, աշխատավարձը ստանում են, մինչև տուն են հասնում՝ կրվում են»,- արձագանքեց վարչապետը:
«Ախր սա դրա լուծումը չէ, պարո՛ն վարչապետ»,- ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:
«Քայլարշավի օրվանից սկսած՝ որտեղ եղել եմ՝ դրանից են բողոքել: Նույնիսկ որ պատգամավոր էի, մեքենան կարմիր լույսի տակ կանգնած էր, եկել են, դուռս ծեծել են, ինձ մեքենայից իջեցրել ու պահանջել են, որ այդ խնդիրը լուծեմ: Կանայք համատարած բողոքում են: Աշխատավարձը ստանում՝ թողնում են այդ կետերում ու գնում են տուն: Կապանում տեսա՝ սարսափելի էր: Դուք էլ եք տեսնում այդ պրոբլեմը, և սա լուծման տարբերակն է, հիմա, եթե դուք ունեք ուրիշ լուծում՝ առաջարկեք»,- նշեց վարաչպետը:
Ընկերության ներկայացուցիչները խոսեցին աշխատատեղերի մասին՝ ասելով, որ պետք է ստեղծել նոր աշխատատեղեր, նոր նման քայլերի գնալ:
«Մենք ուզել ենք հեղափոխություն լինի, բայց ոչ թե՝ լինի, ու մեզ չլսեն»,- հակադարձեց ներկաներից մեկը:
«Եթե այլ լավ լուծում ունեք՝ առաջարկեք»,- կրկնեց Նիկոլ Փաշինյանը:
«3-4 հոգանոց հանձնաժողով կազմենք, քննարկենք ու հենց Ձեզ հետ խոսենք»,- պահանջեցին բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչները, իսկ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջարկը փոխանցեն օգնականին, ու ինքն անձամբ կկարդա:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ անելու առաջարկը մայիսի 23-ին ստացավ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ: Հիշեցնենք, որ օրենքի նախագծի փոփոխությամբ առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը:
Անի Կարապետյան