«Անցումային արդարադատությունը եռյակ-տրոյկաների դատարանների ձևավորում չէ». Արարատ Միրզոյան

«Մենք պետք է կարողանանք հասկանալ՝ հարցեր են հնչում զանազան շրջանակներից՝ կիրառե՞լ, թե՞ չկիրառել, օրինակ՝ հարկային համաներում, ինչպիսի՞ մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, որոնք կարծում են, որ հարստացել են ապօրինի ճանապարհով, իրենց կուտակած հարստությունը վերադարձնեն պետությանը ու  հանրությանը և դրանից հետո գնան ապրեն իրենց խաղաղ կյանքով»,- այսօր «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա, դատական համակարգի մասով ամենաէականն այն է, որ պետք է հասկանան՝ ի վերջո, դատական համակարգը ներկայացնո՞ւմ է  ՀՀ քաղաքացիներին, իրականացնո՞ւմ է նրանց կողմից պատվիրակված լիազորությունները, թե՞ ոչ։

«Անցումային արդարադատությունն, այսպես ասած՝ եռյակ-տրոյկաների դատարանների ձևավորումը չէ, արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և վճիռներ կայացնել։ Անցումային արդարադատությունը պետք է օրենսդրական, օրինական ճանապարհով աջակցի, մաքրի զտի, կայացնի գործող դատական համակարգը։ Սա ամենաէական ուղերձն է, որը մտքներումս պետք է պահենք»,- շեշտեց Ա. Մրզոյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ դեռ պետք է հասկանան՝ կա արդյո՞ք անցած իրադարձություններին իրավաքաղաքական գնահատական  տալու անհրաժեշտություն,  թե՞ ոչ։ Եթե կա, արդյո՞ք ժամանակն է, թե՞ պետք է սպասել ևս 20 տարի։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս