Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ շրջանավարտներին
Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։
Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և նպատակասլաց քայլերով: Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թևակոխած Հայաստանում և համոզված եմ, որ ձեր նպատակներն ու ցանկություններն իրականացնելու եք ավելի դյուրին և հարթ։ Դրա համար ձեզանից պահանջվում է ունենալ հիմնարար գիտելիքներ և հաստատուն կամք:
Հարգելի՛ մանկավարժներ, այսօր հասուն կյանք ճանապարհում եք ձեր կողմից կրթված ևս մեկ սերնդի, որը համադրելով ձեր կողմից ստացած գիտելիքներն ու պատգամները և երիտասարդական եռանդը՝ ապահովելու է մեր երկրի զարգացումն ու կառուցելու է մեր երազած ապագան։
Շնորհավորելով Հայաստանի և Սփյուռքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին վերջին դասի կապակցությամբ՝ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ և հաջողություն։
Արայիկ Հարությունյան
ԿԳ նախարար