«Գլխավոր դատախազը, որը Փաշինյանի նկատմամբ գործ էր հարուցել, և դատախազները պաշտպանել էին այդ մեղադրանքները, նրանց «վեթինգը» վերաբերելո՞ւ է, թե՞ ոչ». Ավետիք Իշխանյան
«Արդյո՞ք «վեթինգը» վերաբերում է միայն դատարաններին, շատ կարևոր հարց եմ բարձրացնում։ Ի վերջո, ես բոլորովին չեմ ուզում արդարացնել Հայաստանում դատավորների կայացրած վճիռները և, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց, և՛ Եվրոպական դատարանի, և՛ սեփականության հետ կապված այդ հարցերը որ գալիս են, և այլն։ Բայց խոսքը կարծեք թե վերաբերում է նրան, որ դատարաններն անկախ էին, և ամբողջ մեղքը գցում են նրանց վրա։ Հիմա չեմ ուզում անդրադառնալ օրենսդրական հարցերին, որ 1995 թվականի օրենսդրությամբ և հետո փոփոխություներով դատավորներն ի վերջո դե յուրե կախված էին ՀՀ նախագահից»,- այսօր «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նրա խոսքով, եթե անդրադարձ է կատարվում սեփականության հետ կապված հարցերին՝ Հյուսիսային պողոտայի մասով, արդյո՞ք չպետք է այդ նույն գործընթացում անդրադարձ կատարեն նաև Երևանի քաղաքապետարանի այն անձանց, որոնք այդ դիմումները բերել են դատարան և պարտադրել որոշում կայացնել: Բացի այդ, արդյո՞ք չպետք է անդրադարձ կատարվի նաև քննիչներին ու դատախազներին, որոնք կազմել են մեղադրանքը, իսկ դատավորները ստիպված են եղել դրանք հաստատել։
Ըստ նրա՝ հանձնաժողովը, որը պետք է ստեղծվի գործերը վերանայելու համար, ապա գործերը պետք է վերանայվեն՝ ոստիկանությունից մինչև դատավոր, հակառակ դեպքում՝ դա կլինի անարդարություն։
«Ի վերջո, դատավորները ճնշված են եղել քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակ, մնացած դեպքերում նրանք ազատ են եղել կոռումպացվելու: Թող ինձ ներեն, բայց այդպես է։ Այսինքն, երբ կազմվի «վեթինգը», ապա ցանկացած գործի հետ կապված՝ մենք պետք է դիտենք շղթան։ Բազմիցս խոսվել է այն մասին, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է ոչ թե վարչապետի վերահսկողության տակ լինեն, այլ առանձին, նույնը վերաբերում է նաև Քննչական կոմիտեին, ՀՔԾ-ին, ՊԵԿ-ին։ Նրանք՝ վարչապետին կից լինելով, անկախ անձից, բերում են մեղադրանքները, իսկ դատարաններն էլ միշտ կախված են եղել նրանցից»,- շեշտեց Ավետիք Իշխանյանը։
Նա նկատեց՝ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ այսօրվա դատախազը ժողովրդի հերոսն է, որն իրեն հաճախ հիշեցնում է Վիշինսկուն, որը ցարական Ռուսաստանի ժամանակ դատում էր բոլշևիկներին, իսկ հետո՝ մյուսներին։
«Գլխավոր դատախազը, որ այն ժամանակ պաշտպանել է «Սասնա ծռերին», Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործ է հարուցել, և դատախազները պաշտպանել են այդ մեղադրանքները, նրանց «վեթինգը» վերաբերելո՞ւ է, թե՞ ոչ»,- ընդգծեց Ա. Իշխանյանը։
Նա նաև հավելեց, որ չափից դուրս շտապողականությունն ու վիրահատական միջամտությունն իրեն անհանգստացնում են։
Զվարթ Խաչատրյան