ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագծին
Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում կներդնի նոր մեխանիզմներ: Նախատեսում է նաև շահագործման ենթարկված 18 տարին չլրացած անձանց համար սահմանել միանվագ դրամական աջակցություն:
Աժ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:
«Փոփոխությունները, մասնավորապես, կնպաստեն երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը և կբարձրացնեն գործող համակարգի արդյունավետությունը: Նախատեսված է կարգավորում, որը հիմք է ստեղծում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման ընթացակարգի մշակման համար և պետական, տարածքային կառավարման մարմինների միջև հստակ համագործակցության շրջանակների ձևավորմանը: Նախագիծը կնպաստի նույնացման հանձնաժողովի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը, երեխայի կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը: Նաև կձևակերպի հատուկ կատեգորիայի զոհերի միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահագործման ենթարկված երեխաները մինչ 18 տարին լրանալը կարող են ստանալ միանվագ աջակցություն` 250 հազար դրամի չափով»,-ներկայացրեց Գասպարյանը:
Հարակից զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ նախագիծը նպատակ ունի վերացնել անճշտությունները, որոնք առաջացել են օրենքի կիրառման ընթացքում: Նա, մասնավորապես կարևոր դրույթ համարեց այն, որ միանվագ դրամական օգնություն կհատկացվի նաև երեխաներին` որպես թրաֆիքինգի նույնականացված զոհերի:
Նախագիծը հանձնաժողովում քվեարկությամբ ստացավ միաձայն դրական եզրակցություն, այն կընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգում: