Շրի Լանկայում պարզել են ահաբեկչական գործողություններ կատարած բոլոր մահապարտների ինքնությունը
Շրի Լանկայի ոստիկանությունը պարզել է ապրիլի 21-ին կղզում մի շարք ահաբեկչական գործողություններ կատարած բոլոր ինը մահապարտների ինքնությունը: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ իրականացված ութ պայթյունների հետեւանքով զոհվել է 250-260 մարդ, այդ թվում՝ 42 օտարերկրացի:
Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարուն, բոլոր մահապարտ ահաբեկիչների ինքնությունը պարզվել է ԴՆԹ թեստերի օգնությամբ: Թեստերը նաեւ հաստատել են, որ National Thowfeek Jamaath (NTJ) պարագլուխը եղել է նրանց թվում:
Առնվազն 89 կասկածյալներ են ձերբակալված ահաբեկչական գրոհներին հնարավոր մեղսակցության համար: Որոնողական գործողությունները շարունակվում են, բայց, ինչպես ավելի վաղ հայտնել է հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Չանդանա Վիկրամարատնեն, այսօրվա դրությամբ «զատկական» պայթյունների բոլոր ենթադրյալ կազմակերպիչներն ու կատարողները ձերբակալված են կամ ոչնչացված:
Շրի Լանկայի իշխանությունները National Thowfeek Jamaath տեղական ծայրահեղական խմբավորմանն են պատասխանատու համարում պայթյունների համար:
Նախօրյակին Շրի Լանկայում մեկ ամսով երկարացրել են արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, որը սահմանվել էր երկրում իրականացված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո: Նշվում է, որ Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան մայիսի 22-ին փաստաթուղթ է ստորագրել արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին: Մեկ ամիս առաջ երկրի իշխանություններն այդ միջոցը ձեռնարկել էին, որպեսզի ոստիկանությանն ու զինված ուժերին օժտեն լիազորություններով, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։