Խամենեին քննադատել է Ռոուհանիի և Զարիֆի գործողությունները միջուկային գործարքի շուրջը. Mehr
Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին դժգոհություն է հայտնել հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի եւ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Զարիֆի դիվանագիտական ջանքերից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործման համար:
Ինչպես հաղորդել է Mehr գործակալությունը, համապատասխան հայտարարությունը նա արել է մայիսի 22-ին ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ։
«Ես չեմ հավատում այն գործելակերպին, որն ընտրվեց ԳՀՀԾ-ի իրականացման համար, եւ ես բազմիցս դա պարզորոշ կերպով հասկանալ եմ տվել (Իրանի) նախագահ (Հասան Ռոուհանիին) եւ արտաքին գործերի նախարար (Ջավադ Զարիֆին)»,- մեջբերում է գործկալությունը Խամենեիի խոսքը:
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ը դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից եւ Իրանի դեմ սահմանեց մի շարք տնտեսական պատժամիջոցներ, մասնավորապես, ձգտելով հասնել նրա նավթի արտահանման լիակատար դադարեցման:
Ուղիղ մեկ տարի անց Թեհրանն ի պատասխան հայտարարեց ցածրհարստացված ուրանի եւ ծանր ջրի թողարկման սահմանաքանակների պահպանման համաձայնագրի պայմանների կատարումը դադարեցնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: