Միջազգային կառույցների մեսիջները. Իսկ ո՞ւր է ֆինանսական աջակցությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների իրականացման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, եւ դատարանների շենքերը շրջափակելու կոչին հաջորդած ակցիայից հետո մտավախություն կար, որ միջազգային կառույցները, այնուամենայնիվ, բացասաբար կընդունեն կատարվածն ու կոշտ կարձագանքեն:

Նախկին իշխանություններն այդ կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացրին` միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով կատարվածի վրա: Տեղի ունեցավ հակառակը: Միջազգային կառույցները՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ԵԽԽՎ համազեկուցողները, ՀՀ-ում ԵՄ դեսպանը, իրենց քաղաքական աջակցությունն են հայտնել իշխանությունների նախաձեռնությանը եւ շեշտել այդ գործընթացում ՀՀ սահմանադրությանը համահունչ գործելու անհրաժեշտության մասին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց. «Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, եւ մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների` երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»:

ԵԽԽՎ համազեկուցողները շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ինչպես նաեւ այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը: ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին էլ ասել է, որ պատրաստակամ են «աջակցել ՀՀ-ին արդարադատության ոլորտում խորը եւ համապարփակ բարեփոխումների համար տեխնիկական կամ խորհրդատվական աջակցությամբ, բավականին ծավալուն ֆինանսական աջակցությամբ: Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»:

Փաստորեն, իշխանություններն ունեն քաղաքական աջակցություն, բայց, նկատենք, ոչ պակաս կարեւոր է ֆինանսական աջակցությունը. ի վերջո, նման լրջագույն խնդիրներն ինքնուրույն լուծելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս