«Որպես խորհրդարանական մեծամասնություն՝ հենց իրենց պարտականությունն էր՝ մշակել դատական իշխանության բարեփոխման կոնցեպտը». Սահմանադրագետ

Ինչպես աշխարհի շատ երկրներում և, մասնավորապես, Հայաստանում, ստեղծված իրավիճակը սահմանադրական խորը ճգնաժամի հետևանք է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին, դատարանների շրջափակմանը, ինչպես նաև Հայաստանում գործող բոլոր դատավորներին «վեթինգի» ենթարկելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պահանջին:

«Չի՛ կարելի երկրի Սահմանադրությունը գրել՝ զուտ որպես տեխնիկական փաստաթուղթ, և դրանով հանդերձ՝ չստանձնել դրա համար պատասխանատվություն: Հիմա մենք տեխնիկական փաստաթղթի հետևանքով ունենք իշխանության երեք թևեր, որոնք ամորֆ մեկը մյուսից անջատ են, և ամբողջ իշխանության ամբողջականությունը մեր իրականության մեջ ապահովված չէ»,- մեկնաբանեց նա:

Վարդան Այվազյանը նշեց նաև, որ ամբոխավարության միտում է նկատվում՝ հստակեցնելով, որ դա բխում է վարչապետի խոսքերից. «Իշխանության մեկ ճյուղ կամ հասարակության որոշ հատված փորձում է հանրության զայրույթն օգտագործելով՝ իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը»։

Անթույլատրելի համարելով դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու ակցիան՝ սահմանադրագետը, սակայն, ճշգրտեց, որ երեկվա ակցիան սահմանադրական կարգի տապալում անվանելը ճիշտ չէ։

168.am-ի հարցին, թե արդյո՞ք վարչապետի կոչի և դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի միտումն իսկապես դատական ռեֆորմներն էին՝ հաշվի առնելով, որ վերջին մեկ տարում հատկապես Օրենսդիր մարմնում իրենք սահմանադրորեն մեծամասնություն էին և կարող էին ինչ-ինչ բարեփոխումներ ձեռնարկել, Վարդան Այվազյանն արձագանքեց.

«Ձեր հարցին մի դրվագ էլ ես ավելացնեմ. Վարչապետի հայտարարությունից հետո խորհրդարանական մեծամասնության խմբակցության ղեկավարը՝ Մակունցը, նույնպես հայտարարություն արեց՝ մեղադրելով դատարաններին, որ մեկ տարվա ընթացքում որևէ նախաձեռնությամբ դատարանները հանդես չեն եկել, որպեսզի մենք էլ էդ նախաձեռնությունը կյանքի կոչենք։ Հիմա՝ դատական իշխանությունը դա իրավակիրառ իշխանությունն է, այսինքն՝ ԱԺ-ն ինչ օրենք ընդունեց-տվեց (էդ օրենքը կլինի լավը թե ոչ,տրամաբանական թե անտրամաբանական), դատարանը պարտավոր է կյանքի կոչել այդ օրենքը։ Որպես խորհրդարանական մեծամասնություն՝ դա հենց իրենց պարտականությունն էր՝ մշակել դատական իշխանության բարեփոխման կոնցեպտը»։

Նա կարևորեց ՀՀ նախագահի դերակատարությունը ստեղծված իրավիճակում.

«Կոչ անենք նախագահին նման խնդիրների լուծման մեջ ունենալ խորը և ակտիվ դերակատարություն։ Նրա հայտարարությունը չի կարող խնդրի լուծում հանդիսանալ, դա ամորֆ հայտարարություն էր»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորի կողմից քննությունը կասեցնելու և ՍԴ դիմելու քայլին, որպեսզ պարզի մեղադրանքի հիմքում ընկած հոդվածի սահմանադրականությունը, մանրամասնեց, որ մեղադրանքն իրավական նորմի իրավական որոշ չափանիշների չի համապատասխանում, ամորֆ, լղոզված շարադրանք ունի:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս