Դպրոցի տնօրեններն իրավունք չունեն լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու. ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է դպրոցներին արհեստական խոչընդոտներ չստեղծել առաջին դասարանցիների ընդունելության գործում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարարության հանրակրթության վարչություն պետ Աշոտ Արշակյանը, մայիսի 15-ից սկսվել է երեխաների առցանց ընդունելությունը, ինչը հաջողությամբ իրականացվում է, սակայն ահազանգեր են ստացվում այն մասին, որ որոշ դպրոցների տնօրեններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում:
«Մասնավորապես, մեզ զանգահարում են ծնողները և տեղեկացնում, թե որոշ դպրոցների տնօրեններ երեխայի գործերն ընդունելու համար հավելյալ փաստաթղթեր են ուզում, որոնք նախատեսված չեն կարգով: Ես հորդորում եմ բոլոր ծնողներին, որ տանեն բացառապես մեր կողմից նշված ցանկին համապատասխան փաստաթղթեր: Դպրոցի տնօրեններն իրավունք չունեն լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու: Կոչ եմ անում դպրոցների տնօրեններին զերծ մնալ արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»,-ասաց Աշոտ Արշակյանը:
Հարցին, թե օրինակ, դպրոցի տնօրեններն ինչ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում, Աշոտ Արշակյանը նշեց, որ մասնավորապես, բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին, ինչը վաղուց հանված է:
«Այդ հայտնի 26 ձևի մասին է խոսքը: Դա նախորդ տարիներից է եկել, որը հիմա հանված է: Երբ ծնողն իր երեխային գրանցում է առցանց համակարգով, ստանում է տեղեկատվություն, թե ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ երեխայի գործերը տանելու համար: Դրանից բացի, ծնողը երեխային գրանցելուց հետո ստանում է 15 աշխատանքային օր, որպեսզի այդ գործերը ներկայացնի: Այսինքն՝ այդ 15 աշխատանքային օրվա ընթացքում, երբ ծնողը գործերը տանի, դպրոցի տնօրենը պարտավոր է գործերն ընդունել»,-ասաց Աշոտ Արշակյանը:
Նախարարության ներկայացուցիչը նշեց՝ ցանկացած խնդրի դեպքում ծնողները կարող են զանգել թեժ գիծ, խնդրին շատ արագ լուծում կտրվի:
Առաջին դասարանցիներին առցանց գրանցման համակարգը Երևանում գործարկվել է մայիսի 15-ից: