ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն են հայտնում դատարանների մուտքերն արգելափակելու՝ Փաշինյանի կոչերի վերաբերյալ

«Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել՝ որպես ճնշման գործադրում դատական համակարգի նկատմամբ»,- Հայաստանի մոնիտորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան և Անդրեյ Շիրցելն այսպես են արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 19-ի  քաղաքացիներին ուղղված կոչին՝ արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը։ ԵԽԽՎ կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության տեքստում նշվում է նաև, որ Փաշինյանի այս կոչը հետևել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու  դատավորի որոշմանը։

Համազեկուցողներն իրենց հայտարարության մեջ ընդգծում են, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է, և օրենքի գերակայությունը լավագույնս դրսևորվում է քաղաքական դերակատարների ցանկացած  միջամտության բացակայության դեպքում։   Ըստ Հայաստանի մոնիտորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների, կան հստակ օրինական ընթացակարգեր, ինչպիսին ավելի բարձր դատարաններ դիմելն է՝ վիճարկելու համար դատարանի այն որոշումը, որը կասկածելի է թվում։

Համազեկուցողների խոսքով՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը  պահանջում է հարգանք այն ընթացակարգերի նկատմամբ, որոնք կոչված են բոլոր քաղաքացիների պաշտպանության համար, անկախ նրանից, թե ով են նրանք։

«Այնուամենայնիվ մենք ընդունում ենք, որ հանրային արձագանքը դատարանի այդ որոշման վերաբերյալ ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր  մակարդակը։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, և մենք ողջունում ենք վարչապետ Փաշինյանի ցանկությունը՝ ապագային միտված բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաև նրա ցանկությունը՝ համագործակցել  Եվրոպայի խորհրդի հետ այդ հարցում»,- ասված է համազեկուցողների անդրադարձում։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս