ՀՅԴ-ն իրավիճակը գնահատում է տագնապեցնող. «Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Ն. Փաշինյանի մոտեցումները կրկին մեր հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետևյալ արձանագրումները.
– Տարբեր հարցերի վերաբերյալ իշխանությունների չկշռադատված, խնդրահարույց և տարակուսանքի տեղիք տվող որոշումները, այլակարծության ագրեսիվ մերժումը թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ստեղծում, ինչը ջլատում է մեր ժողովրդի հավաքական ներուժը։
-Քաղաքական, հանրային դաշտում դավադիրներ և դավաճաններ փնտրելու մտասևեռումը հարվածի տակ է դնում մեր ազգային անվտանգությունը, համերաշխությունը, Հայաստան-Արցախ միասնությունն ու մեր պաշտպանական համակարգը։
– Վերջին մեկ տարում երկրի քաղաքական իշխանությունն ուներ բավարար լեգիտիմություն, իսկ 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո լիակատար հնարավորություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` դատաիրավական համակարգում (դատարաններ, դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն) սկսելու բոլորիս կողմից այդքան սպասվող բովանդակային և խորքային փոփոխությունները։
-Ըստ էության չիրացնելով գործող Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վարչապետին վերապահված լայն լիազորություններն ու պարտականությունները՝ Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն։
-Դեռևս մեխանիզմներով և բովանդակությամբ անորոշ անցումային արդարադատության նպատակների համար դատական իշխանության կազմաքանդումը վտանգում է մեր երկրի արդարադատության համակարգը։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հ.Յ. Դաշնակցությունը իրավիճակը գնահատում է տագնապեցնող. սխալ ճանապարհով ճիշտ հանգրվանի չենք հասնի։
Ստեղծված իրավիճակի և հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատերը առաջին հերթին իշխանություններն են։ Այնուամենայնիվ, ոչ ոք իրավունք չունի դիտորդի կարգավիճակով փաստելու, թե ինչպես է մաշվում ու հյուծվում պետությունը, թե ինչպես է ոչ խոհեմ գործելաոճն ու քաղաքական վարքագիծը սասանում մեր պետականության հիմքերը։
Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է։
Դաշնակցությունը նախաձեռնում է բոլոր կողմերի հետ քննարկել իրավիճակը լիցքաթափելու, պետականաշինության գործընթացը բնականոն հուն տեղափոխելու, ժողովրդի ակնկալած բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիները։
Մայիսի 23-ին, ժամը 19:00-ին ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաքի՝ ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները։
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
21.05. 2019