Ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը նստի

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնուամենայնիվ հավատարիմ է այն թեզին, թե հեղափոխությունը գերակա է Արցախյանի հերոսամարտի նկատմամբ։

Ղարաբաղյան բանակցություններում Նիկոլ Փաշինյանը որոշեց նոր էջ բացել իր վերելակային բանակցություններով և խաղաղասիրության քարոզչությամբ։ Այս ընթացքում Ադրբեջանը նշանակալի առավելություն ձեռք բերեց ռազմաճակատի գծում, Հայաստանը զրկվեց բանակցություններում ձեռք բերած կարևոր նվաճումներից, Հայաստանի ճնշման տակ Արցախում սկսվեց քաղաքական և ռազմական ղեկավարության փոփոխություն։

Հետագայում, սակայն, ակնհայտ դարձավ, որ ժողովուրդը դեռևս պահպանել է ինքնապահպանման որոշակի բնազդ, և երբ Նիկոլ Փաշինյանի այս ռազմավարությունը հանդիպեց քաղաքացիների դժգոհությանը, զուտ հեղափոխական նկատառումներով, իր ռեյտինգը չկորցնելու համար նա շրջադարձ կատարեց դեպի բանակցային հին ուղին։ Բարեբախտաբար, միջազգային իրավիճակն աշխատեց հօգուտ Հայաստանի, և չնայած նախնական անշրջելի կորուստներին, այս ռաունդում Հայաստանը կարողացավ դիմակայել։

Սակայն պարզվեց, որ Նոր Հայաստանը չի հրաժարվել հեղափոխության առաջ քաշած «հեղափոխությունն առավել է, քան Արցախը» հրամայականից։ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, որ Արցախում հակահեղափոխության վտանգ կա և անհրաժեշտություն կա հեղափոխությունը արտահանելու։ Արցախի հեղափոխականացումը գերակա համարվեց նրա անվտանգությունից, և, ի վերջո՝ նաև Հայաստանի անվտանգությունից։ Հեղափոխականների արձագանքը չուշացավ, մամուլը և սոցցանցերը հեղեղվեցին հակահեղափոխականներին քննադատող ու հայհոյող հոդվածներով։

Արցախի հակահեղափոխականությունն ապացուցելու կարևոր առիթ է այժմ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։ Ղարաբաղից զորքերի մասնակցության հարցը, Արցախի առաջին և երկրորդ նախագահների դիմումը, ևմի շարք ուրիշ հանգամանքների շահարկումը շատ հարմար առիթ է Արցախի հակահեղափոխական բնույթն անընդհատ հիշեցնելու համար։

Արցախի հանդեպ գործողությունների առաջին ռաունդում Նիկոլ Փաշինյանն աշխատում էր ընդամենը բանակցությունների ու բանակի շրջանակներում, այսինքն՝ անվտանգային մակարդակում։ Հակահեղափոխական Արցախը մերժելու այժմյան գործունեությունն իրականացվում է ավելի խորը՝ հոգեբանական, անգամ արժեքային մակարդակում։ Նրա արդյունքներն արդեն հնարավոր չի լինի վերափոխել ռազմատեխնիկական տաղանդավոր գործողություններով կամ շատ ճարպիկ դիվանագիտությամբ։

Ազգին ինքնապաշտպանության բնազդից զրկելու այս անդառնալի պրոցեսում Քոչարյանին նստացնելը կարևորագույն դեր կխաղա։ Ավելին, այժմ ընթացողը դեռևս բուն դատավարությունը չէ, այլ ընդամենը Քոչարյանի խափանման միջոց ընտրելու հարցը։ Իսկ բուն դատավարության ժամանակ, ըստ մամուլի տեղեկությունների, պետք է ցուցմունք տա 700-800 վկա, այսինքն՝ այս համարյա անվերջ պրոցեսը շարունակաբար կծառայի Արցախի հակահեղափոխական բնույթը հիշեցնելու համար։ Եվ ուրեմն, ակնհայտ է, որ անկախ իրավական լուծումներից, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։

Ի դեպ, Արցախի դեմոնիզացիան Քոչարյանի դատավարության կանխորոշված ելքի հիմնական պատճառը չէ։ Կա ևս երկու, առավել պրակտիկ ու քաղաքական տեսանկյունից ավելի առօրեական պատճառ։

Առաջինն այն է, որ ազատության մեջ հայտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը սկսելու է զբաղվել քաղաքականությամբ։ Նա այդ մասին արդեն հայտարարել է, և առաջին բանտարկություն հետո անգամ որոշ քայլեր է արել։ Հաշվի առնելով, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը դատարկ է, որևէ ուժ դեռևս հստակ հայտ չի ներկայացրել քաղաքական բևեռ դառնալու համար, ապա Ռոբերտ Քոչարյանի համար շատ դյուրին կլինի իր շուրջը ընդդիմադիրներին համախմբելը։ Բանտում գտնվելը նրան զրկում է այդ հնարավորությունից, մանավանդ, որ նա չունի գործող քաղաքական կառույցներ, մինչդեռ իմանալով Ռոբերտ Քոչարյանի վրեժխնդիր բնավորությունը՝ կարելի է համոզված լինել, որ նա որևէ միջոցի առաջ չի կանգնի Նիկոլ Փաշինյանի գահազերծումն իրականացնելու համար։

Հաջորդ, և միգուցե ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության մեկ տարվա ամենակարևոր «ձեռքբերումն» է։ Իհարկե, կան նաև այլ ձեռքբերումներ։

Այս մասին նշել է Նիկոլ Փաշինյանն իր «100 կետում», փոփոխություն է նաև այն, որ մենք այժմ ժպտում ենք։ Սակայն կառավարման մեկ տարվա միակ շոշափելի արդյունքը Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունն է։ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ժողովուրդը, ում անունից նա բանեցնում է իշխանությունը, իրեն դեռ շատ երկար կների տնտեսական ձախողումները, սոցիալական ծանր վիճակը, կոռուպցիոն նոր սկանդալները, եթե մշտապես կարողանա ցույց տալ այդ կարևոր արդյունքը՝ բանտարկված Ռոբերտ Քոչարյանին։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս