Կորյուն Աթոյանն իր դեմ հարուցված քրգործի մասին տեղեկանալու հաջորդ օրը դիմում է ներկայացրել՝ իրեն անհապաղ հարցաքննելու խնդրանքով
Հանդիսանում եմ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի փաստաբանը։ Հայտնեմ, որ պարոն Աթոյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից մայիսի 16-ին երեկոյան։
Տեղեկանալու հաջորդ օրը դիմում է ներկայացրել ԱԱԾ քննչական դեպարտամենտ իրեն անհապաղ հարցաքննելու խնդրանքով և հայտնել, որ օրենքի սահմաններում պատրաստակամ է աջակցել քննությանը։
Մայիսի 17-ին մի քանի լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունները որոշ դրվագներով, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նախկին ռեկտորի բարի անունը, ինչի կապակցությամբ հորդորում եմ լրատվամիջոցներին նախքան հրապարակելը` ճշտել տեղեկության իսկությունը և ձեռնպահ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց, այլապես կդիմենք օրենքով սահմանված կոշտ քայլերի։
Միաժամանակ նույն ԶԼՄ-ներին հայտնում ենք նաև մեր երախտագիտությունը, քանի որ նրանց շնորհիվ պարոն Աթոյանը տեղեկացավ իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։
Հարուցված քրեական գործով մինչ այս պահը նա չի կանչվել հարցաքննության։ Համոզված լինելով, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցրած տարիների ընթացքում իր կողմից կատարված ցանկացած գործողություն բխել է օրենքի պահանջներից, որևէ աղերս չի ունեցել վատման հանցակազմի հետ և ունեցել է ի շահ բուհի ծառայելու նպատակ` պարոն Աթոյանը կրկին հայտնում է իր պատրաստակամությունն օրենքի սահմաններում աջակցել քննությանը։ Ապավինելով վարույթ իրականացնող մարմնի օբյեկտիվությանը և պրոֆեսիոնալիզմին` հույս ունեմ, որ շատ արագ կկարճվի այս տարօրինակ քրեական գործը և դրա պատճառով աննպատակ չեն «ՎԱՏՆՎԻ» պետական ռեսուրսները։
Լևոն Սահակյան