Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրեցին մարտի 1-ի բացառիկ տեսանյութեր, որոնք երեկ դատարանը թույլ չտվեց ցուցադրել նիստի ժամանակ

«Շատ դժվար է գնահատել՝ դատարանը կաշկանդվածություն ունի՞, թե՞ ոչ։ Գործը բավականին բարդ է քաղաքական, քաղաքացիական, հասարակական ճնշման լույսի ներքո։ Ես ավելի շատ հոգնածություն կգնահատեի»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ռոբետ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը, ով 2008թ. վարչապետն էր ու խորհրդարանական մեծամասնության կուսակցական առաջնորդը, և ինչպես երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, պակաս լծակներ չուներ, ավելի մեծ պատասխանատվություն չունի, քան այսօրվա վկայի կարգավիճակն այս գործով, Ա. Օրբելյանն ասաց, որ ինքն այժմ չի անդրադառնա պատասխանատվության հարցին, բայց քանի որ փորձում էին մոտիվ ձևավորել՝ իշխանությունը հանձնելու հետ կապված, Ռ. Քոչարյանը պարզ, իրավաբանորեն ներկայացրել է, որ իշխանության հանձնման գործընթաց, որպես այդպիսին, չկա։

Նրա խոսքով՝ նույնիսկ Սասուն Խաչատրյանն է ասել, որ ընտրությունների կեղծման հարց չկա։ Սա մեղադրանքի կողմի պաշտոնական դիրքորոշումն է այս պահի դրությամբ։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը եղել է վարչապետ և ընտրություններից հետո ԱԺ նիստում ստանձնել է նախագահի պաշտոնը։

Հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ Ռոբերտ Քոչարյանը ներողություն չի խնդրել երևանցիներից, պաշտպան Օրբելյանն ասաց, որ դրան կանդրադառնան դատաքննության որոշակի փուլում. ո՞վ պետք է ներողություն խնդրի, ի՞նչ չափով ու ծավալով։

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, Հովհաննես Խուդոյանի կարծիքով՝ այս պահին դատարանին ներկայացված են այն բոլոր հիմքերը, որոնք բավարար են գործի վարույթը կարճելու սահմանադրական կարգի տապալման մասով։ Եթե դա չլինի, իրավաբանորեն ընդունելի չէ, բայց մարդկայնորեն ընդունելի է, որ այս փուլում Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի։

Պաշտպանները լրագրողների ուշադրությանը ներկայացրեցին նաև այն տեսանյութը, որը երեկ նրանք միջնորդում էին ցուցադրել դատական նիստի ժամանակ, ինչը դատարանը մերժեց։ Այդ տեսանյութն այն մասին էր, որ մարտի 1-ի օրվա որոշ ժամերի, որոշ վայրերում ցույցերն այնքան էլ խաղաղ չեն եղել։ Տեսանյութերի մեջ որոշակի հատվածում կարծես թե լսվում է նաև Նիկոլ Փաշինյանի ձայնը։

«Մենք չենք ասում, որ այս տեսանյութերն ընդունենք՝ որպես վերջնական ճշմարտություն։ Մենք ասում ենք, որ գործի մեջ կան նյութեր, որոնց վերաբերյալ չկան հակասող կամ բացառող հանգամանքներ։ Նյութերը ձեռք են բերված օրինական ճանապարհով, և դրանք պետք է փորձաքննության ներկայացվեն»,- ասացին պաշտպանները։

Տեսանյութերի ներկայացումը ու քրեական գործում լինելը վիճարկում են «խաղաղ ցուցարար» եզրույթը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս