Բաժիններ՝

Ինչո՞ւ է Ալիևը օգոստոսի 3-ին անսպասելիորեն մեկնել Լոնդոն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես հայտնի է՝ օգոստոսի 3-ի երեկոյան անսպասելիորեն մեկնել է Լոնդոն: Հիշեցնենք, որ նա մի քանի օր առաջ էր վերադարձել Լոնդոնից, որտեղ մեկնել էր հետևելու օլիմպիական խաղերին:

Ադրբեջանական haggin.az կայքի հաղորդմամբ, պաշտոնապես հայտարարվել է, թե Ալիևը Լոնդոն է մեկնել աշխատանքային այցով:

Մինչդեռ, նույն կայքի հաղորդմամբ, այցից մեկ օր առաջ ներիշխանական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Իլհամ Ալիևը չափազանց դժգոհ է ադրբեջանցի մարզիկների ելույթներով և պատրաստվում է մեկնել Լոնդոն, որպեսզի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի, սպորտի նախարարի և ֆեդերացիաների ղեկավարների հետ քննարկի մրցույթներում ադրբեջանցի մարզիկների ձախողումների պատճառները:

Հիշեցնենք, որ միջազգային լրատվամիջոցները օգոստոսի 2-ին հայտնել են, որ բռնցքամարտի առաջնությունում սկանդալ է տեղի ունեցել և Ադրբեջանի ներկայացուցիչ Աղաջան Աբիևը, վարվելակերպի կանոնադրությունը կոպտորեն խախտելու համար, հեռացվել է մրցումներից: Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) որակազրկել է Ադրբեջանի բռնցքամարտիկ Մուհամեդ Աբդուլհամիդովին և չեղյալ է հայտարարվել ճապոնացի բռնցքամարտիկ Շատոզի Սիմուզիի նկատմամբ թուրքմենստանցի դատավոր Իշանգուլի Մերեթնիյազովի` նրան վերագրած հաղթանակը: Լոնդոնում լուրեր են շրջանառվում, որ թուրքմենստանցի դատավորը կաշառված է եղել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից: Դրան ավելացել է նաև «սև շուկայում» ադրբեջանցիների կողմից բռնցքամարտի մրցումների տոսմերի վաճառքի հետ կապված աղմկոտ սկանդալը, որում հիշատակվում են Ադրբեջանի սպորտի նախարարության ներկայացուցիչների անունները:

Կարդացեք նաև

Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը երեկ հայտնել է, որ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան, որի նախագահն այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովն է, նման սկանդալում հայտնվել է նաեւ անցյալ տարի: Միջազգային լրատվամիջոցներն այն ժամանակ հայտնել են, որ Ադրբեջանի թիմին հաղթանակ ապահովելու համար Քեմալադդին Հեյդարովը 10 մլն դոլար (6,3 մլն ֆունտ սթեռլինգ) կաշառք է տվել Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիային: Իսկ BBC հեռուստաալիքի «Newsnight» ծրագիրը հայտնել էր, որ «փողերը փոխանցվել են Համիդ Համիդով անունով մասնավոր ներդրողի կողմից», որը գնահատվել է որպես կաշառատվության փաստ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս