Բաժիններ՝

Նյու Յորքի քաղաքագլուխը միացավ ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական մրցարշավին

Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն մայիսի 16-ին հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

«Ես՝ Բիլ դե Բլազիոս, եւս իմ թեկնածությունն եմ առաջադրում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, որովհետեւ եկել է աշխատող մարդկանց շահերն առաջին տեղում դնելու ժամանակը»,-հայտարարել է նա տեսահոլովակում, որը պատրաստվել է ընտրարշավի մեկնարկի պատվին:

Այս հոլովակում նա օրինակներ է բերում Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում իր հաջողություններից, որոնք վերաբերում են քաղաքացիների կյանքի եւ աշխատանքի պայմանների բարելավմանը: Նաեւ դե Բլազիոն քննադատում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը միգրացիայի եւ շրջակա միջավայրի ոլորտում: «Դոնալդ Թրամփին հարկավոր է կանգնեցնել»,-կարծում է Նյու Յորքի քաղաքագլուխը:

Դե Բլազիոն, այսպիսով, դարձել է Դեմոկրատական կուսակցության՝ թվով 24-րդ անդամը, որը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին: Նրանց թվում են՝ սենատորներ Բեռնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Մոնտանայի նահանգապետ Սթիվ Բուլոքը:

Ընտրություններին նաեւ կմասնակցի ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը:

Սահմանադրության համաձայն, նա իրավունք ունի վերընտրվել երկրորդ ժամկետով: 2020 թվականի ընտրություններում նա իր հիմնական մրցակիցներն է համարել Սանդերսին եւ Բայդենին: Ավելի վաղ Քուինիփիաքի համալսարանի հարցումը ցույց է տվել, որ Նյու Յորքի բնակիչների 76 տոկոսը դեմ է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում դե Բլազիոյի առաջադրմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս