Գյուղնախարարությունը հնարավոր է՝ ներկրի ոլոռի և եգիպտացորենի սերմացու
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է ներկրել նաև ոլոռի և եգիպտացորենի սերմացու: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գևորգ Հարությունյանը՝ հավելելով, թե ոլոռ և եգիպտացորեն ներկրելու խնդիրը դեռ քննարկման փուլում է:
Նշենք նաև, որ Գյուղատնտեսության նախարարությունը ներկրում է միայն ցորենի սերմացու: Այս տարի գործում է 2010-2014թթ. ցորենի սերմատվության և սերմնարտադրության ծրագիրը, որի շրջանակներում 610տ էլիտար ցորեն կներկրվի հանրապետություն:
Գևորգ Հարությունյանի խոսքով՝ ներկրվող սերմացուն կունենա համապատասխան փաստաթղթեր: Սերմերը հանրապետություն ներկրելուց առաջ կկատարվի որակի ստուգում և սերմի ծլունակության աստիճանի որոշում: Ըստ Գևորգ Հարությունյանի՝ հանրապետություն կմտնի միայն համապատասխան ստուգումներ անցած և բարձր որակի չափանիշներին համապատասխանող սերմացու: