Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Գորիկ Հակոբյանը տեսանյութեր է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին. դրանք այսօր գործին կցված չեն
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին, նշեց, որ դրանց վերաբերյալ առաջին տեսանյութերի զգալի մասն առաջին անգամ տեսել է 2008 թվականի մարտի 7-8-ի ընթացքում, երբ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանն այդ տեսանյութերը տարել է իր մոտ և ցույց տվել։
«Մինչդեռ քննչական մարմինը սկզբից կատեգորիկ մերժում էր, որ ինքն այդպիսի բաներ ունի։ Ինչո՞ւ եմ ինձ մոտ նայել, որովհետև մինչև իմ հայտնի մամուլի ասուլիսը՝ մարտի 1-ին, կապ եմ հաստատել Գորիկ Հակոբյանի հետ և հետաքրքրվել եմ, թե ինչ է այս վիճակը, քանի որ հանդիպելու էի լրագրողների հետ և մինչև հանդիպումը պետք է ճշտեի բոլոր փաստերը։ Գ. Հակոբյանն ասաց, որ զենք են կիրառում, նռնարկներ կան մարտական, որոնք օգտագործվում են։ Այնուհետև, երբ մամուլում քննադատեցին, որ նման բան չկա, նա անձամբ բերեց գրասենյակում այդ նյութերը ցույց տվեց, դրա հետ միասին՝ նաև մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր որևէ տեղ չկան։ Ես չգիտեմ` դրանք որտեղ են»,- նշեց Ռ. Քոչարյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ, ինչպես իր մատնանաշած տեսանյութերը, մի շարք այլ դրվագներ ևս այսօր իր գործին կցված չեն։
«Երբ ասում ենք, որ ընդամենը մեկ մարդ է հարցաքննվել ԱԱԾ-ից, այստեղից հարցեր են առաջանում»,- եզրափակեց ՀՀ նախկին նախագահը։
Զվարթ Խաչատրյան