Բաժիններ՝

«Երեխան պետք է մնա ընտանիքում և վերջ». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեխան պետք է մնա ընտանիքում եւ վերջ.

Այսօր ընդունեցի Human Rigths Watc կազմակերպության՝ հաշմանդամ երեխաների հարցով զբաղվող բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքեին։ Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 8360 երեխա։ Այս երեխաները սոցիալական ինտեգրման եւ ներառականության խնդիրներ ունեն, եւ այդ խնդիրները չեն լուծվելու հայտարարություններով եւ «գալոչկայի» համար արված մեկ-երկու կրեատիվ նախաձեռնությամբ։

Ջեյն Բյուքեն եւս համակարծիք էր ինձ հետ, որ այն գումարները, որ պետությունը ծախսում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հաստատությունների վրա, շատ ավելի նպատակահարմար կլինի այդ գումարների զգալի մասը տրամադրել հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքներին, ինչպես եվրոպական բազմաթիվ երկրներում է, որպեսզի երեխան մնա ընտանիքում։

Շատ ավելի արդյունավետ կլինի այդ ռեսուրսներից հատկացնել երեխաների հետ աշխատող մասնագետներին, որպեսզի մասնագետները երեխաների հետ աշխատեն հենց երեխայի ընտանիքում։ Որովհետեւ, որքան էլ այդ հատուկ հաստատությունները հրաշալի պայմաններ ունենան, ինչը իրականում այդպես չէ, երեխան պետք է մնա ընտանիքում։

Ես զրուցել ես հաշմանդամ երեխա ունեցող տասնյակ մայրերի հետ, եւ եթե նրանք ունենան պետության աջակցությունը, ոչ թե այն նվազ թոշակը, որ պետությունը տալիս է հաշմանդամություն ունեցող երեխային, ապա իր երեխային շատ քիչ ընտանիք է, որ կհանձնի հատուկ մասնագիտացված հաստատություն։

Ի վերջո, նման երեխաները հատուկ խնամքի կարիք ունեն եւ նրանց բուժումն ու խնամքը խիստ ծախսատար է։

Ուստի, «Հաշմանդամության ունեցող անձանց» մասին օրենքի քննարկման ժամանակ, որը վստահաբար շուտով կբերվի Ազգային Ժողով, մենք առաջարկելու ենք ռադիկալ փոխել նման երեխաների հանդեպ ռազմավարությունը եւ պետական միջոցների հիմնական հոսքը ուղղել այն ընտանիքներ, որտեղ մեծանում են հաշմանդամ երեխաներ։ Ու եթե մենք հաշմանդամությունը դիտարակենք որպես մարդու իրավունք, այլ ոչ թե որպես միայն հիվանդություն, ապա մեր մոտեցումը այս խնդրին, վստահաբար, այլ կլինի։

Իսկ քաղաքապետին եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել՝ ուշադրություն դարձնել երեւանյան թեքահարթակներին, որոնք ավելի շատ «ամերիկյան գորկի» են հիշեցնում, եւ որտեղից անվնաս իջնել կարող են, թերեւս, միայն քաղաքապետարանի կողմից հատուկ վարժեցված անձիք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս