«Գործը ջուր է. փորձ է կատարվել ձևակերպումներն այնպես տալ, որ խճճվի ու պարզ չլինի». Փաստաբանը՝ Քոչարյանի գործի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ Ռ. Քոչարյանի կալանավորումն անհիմն է։

«Մեղադրանքը ոչ միայն պետք է հստակ լինի ու ամեն ինչ պարունակի, այլև, երբ մեղադրում ենք չորս հոգու, ինչպես մեր դեպքում է, ամեն մեկի մասով պետք է տարանջատվի։ Ավելին ասեմ, եթե կան մարդիկ, ում չենք մեղադրում, բայց նկարագրի մեջ կան իրենց անունները, ապա նրանք համապատասխանաբար պետք է տարանջատվեն։

Այսինքն՝ Միքայել Հարությունյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունները պետք է տարանջատվեն, բոլոր անձանց գործողությունները, որոնք կան ընդհանրական նկարագրության մեջ, պետք է տարանջատվեն։ Պետք է հստակ քննարկվի, թե կոնկրետ պարոն Քոչարյանն ինչ գործողություն է արել և ինչ գործողություն էր սահմանված օրենքով, որ պետք է աներ, սակայն չի արել։ Հարգելի դատարան, դուք չեք գտնի արարքի նկարագրություն»,- ասաց փաստաբանը։

Նա պնդեց, որ գործի մեջ չի ներկայացվում Ռոբերտ Քոչարյանի մեղքը, չի նշվում՝ դիտավորություն եղե՞լ է, չնայած մի քանի տեղ այն նշված է, սակայն չկա դրա հիմնավորումը։

Ըստ նրա, այսօր պարզ չէ, թե իրենք ինչից են պաշտպանվում, քանի որ գործում է դատավարական այն պարզ հնարքը, ըստ որի, երբ գործը թույլ է, սկսում են տարբեր ձևակերպումներ տալ, ինչն առավել շատ տարածված է քաղաքացիական գործերում։

«Ինչպես գործիչներից շատերն են ասում՝ գործը ջուր է, այդ պատճառով էլ փորձ է կատարվել ձևակերպումներն այնպես տալ, որ խճճվի ու պարզ չլինի։ Մեղադրական կողմը կարող է գրել այն, ինչ ցանկանում է։ Մեղադրանքի մեջ նորմալ նկարագրված չէ նաև անձեռնմխելիության հարցը»,- ընդգծեց Արամ Օրբելյանը։

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը, փաստաբանը փորձեց մանրամասնել, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը։

Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ ընդհատելով փաստաբանին, նշեց, որ նա կրկնում է այն նույն միտքը, ինչ երեկ արդեն ասել է Հայկ Ալումյանը, ուստի դատարանը չի կարող լսել այդ կրկնությունը։

Արամ Օրբելյանն էլ հայտարարեց, որ Ալումյանը ներկայացրել է դրա հետադարձ ուժը միայն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս