AntiFake.am-ի և «Ադեկվադ»-ի դեմ հարձակումներում կարող է ադրբեջանական հետք լինել

Երեկ «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարում է 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, հրապարակել է իր առաջին զեկույցը  Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերի վերաբերյալ։

Զեկույցում անդրադարձ կա նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ու դրանից հետո ընկած ժամանակահատվածում տարբեր հարթակներում, հատկապես՝ սոցիալական հարթակներում, վիրավորանք, ատելություն, զրպարտություն, հայհոյանք պարունակող մեկնաբանություններին, տարբեր ուժերի կողմից կառավարվող ֆեյք հաշիվներին, կեղծ լուրերին, պաշտոնատար անձանց կողմից՝ մարդու իրավունքները ոտնահարող հայտարարություններին, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությանը, խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություններին։

168.am-ը առանձնացրել է զեկույցի առավել ուշագրավ հատվածները։ Այսպես՝

«Ֆեյք» հաշիվները և էջերը կարող են օգտագործվել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված մի շարք արարքներ կատարելու նպատակով՝

1) անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկու­թ­յուն­ներ ապօրինի հավաքելը, պահելը, օգտա­գոր­ծելը/տարածելը

2) սպանության, առողջությանը ծանր վնաս պատճա­ռե­լու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը

3) ինքնասպանության հասցնելը կամ հակելը

4) ա­նա­ռակաբարո գործողությունները

5) պոռնկագրական նյութեր կամ առար­կա­ներ տա­­րածելը

6) իշ­խա­­նու­թ­յունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախ­տելուն և/կամ սահմանադրական կար­գը բռ­նի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը

7) ՄԻՊ-ին սպառ­նալը կամ նրա նկատ­մամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը

8) փաստաբանի կամ նո­տա­րի լիազո­րու­թ­յունների ի­րա­կանացմանը խոչ­ըն­դոտելը կամ, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը

9) նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապ­ված սպառ­նա­լիքը կամ բռնի գործողությունները և այլն։

Այս առումով ուշագրավ է, որ 09.04.2019 թվականին կալանավորվել էր «Դուխով Հայաստան-Բաց Հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ ազ­գային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար (ֆեյսբուքյան ֆեյք էջի միջոցով)։ Գործի մանրամասների մասին տեղեկատվություն չի հաղորդվում հան­րու­թյանը, սակայն պետք է նշել, որ 03.05.2019 թվականին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և ան­հապաղ ազատ է արձակել «Դուխով Հայաստան-Բաց Հասարակություն» էջը վարող ան­ձին։ Ուշագրավ է, որ խոսքի ազատության հետ առնչվող և հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գործը քննվում է նման գաղտնիության պայմաններում։

ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների կատարման դեպքում հար­ցը գտնվում է քրե­ա­կան հետապնդման մարմինների և քրեական գործը քննող դատարանի լուծման տիրույթում։ Քրեական հետապնդման մարմնները պարտավոր են հայտնաբերել «ֆեյք» հաշվի կամ էջի տիրոջը, իսկ դատա­րա­նը պարտավոր է լու­ծել վերջինիս քրեական պատասխանատվության հարցը։

Ներկայումս գործում են նաև տեղեկությունների ստուգման մի շարք հարթակ­ներ, օրինակ՝ antifake.am, fip.am, http://factradar.tilda.ws/ և այլն։ Թեև որոշակի դեպ­քերում հնչում է քննադատություն, որ նույնիսկ այդ հարթակներն անաչառ չեն։ Ավե­լին, փաստերի ստուգման հարթակների դեմ իրականացվում են նաև ուղղորդված արշավներ։

2019թ. մայիսի 2-ին medium.com հարթակում «Atlantic Council’s Digital Fo­ren­sic Research Lab»-ի որոշ փորձագետներ հրապարակեցին նյութեր Հայաստանում գործող փաստերի ստուգման հարթակների վերաբերյալ։ Փորձագետները AntiFake.am հարթա­կին և դրա հիմնադիր Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ»-ի հիմնադիրներ Արթուր Դա­նիելյանին և Նարեկ Մալյանին, ինչպես նաև՝ «Blognews»-ի հիմնադիր Կոնստան­տին Տեր-Նակալյանին մեղադրում էին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։ Հրա­պա­րակումից հետո մեծ արշավ սկսվեց հոդվածում մատնանշված անձանց դեմ։ Այս արշավի վերաբերյալ շրջանառվում էին տարբեր վարկածներ։ Առավել տարածված է այն, որ դրանք անձնական կապերի միջոցով արված հրապարակումներ են։ Հատկա­նշա­կան է, որ հոդվածներում հղում է կատարվում Ջոշուա Կուչերային, ով հայտնի է իր ադր­բեջանամետ հայացքներով։ Բացի դրանից, նույն «Atlantic Council»-ը հայտնի է նաև իր ադրբեջանամետ լոբբիստներով։ Օրինակ, այնտեղ է աշխատում հայտնի ադր­բեջանամետ լոբբիստ Բրենդա Շաֆերը։

 

Տեսանյութեր

Լրահոս