Շրի Լանկայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել Հյուսիսարևմտյան նահանգում բռնության ալիքի պատճառով. Adaderana
Շրի Լանկայի ոստիկանությունը հայտարարել է կղզու Հյուսիսարեւմտյան նահանգում պարետային ժամ սահմանելու մասին՝ կապված մուսուլմանական եւ բուդդայական բնակչության միջեւ բախումների հաճախացած դեպքերի հետ: Այդ մասին հայտնել է Adaderana լրատվական պորտալը:
Պարետային ժամի ռեժիմը գործելու է ընդհուպ մինչեւ հատուկ կարգադրություն: Պարետային ժամի ընթացքում ոստիկանության լրացուցիչ ջոկատներ են պարեկելու փողոցները հնարավոր անկարգությունները կանխելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսների, մի քանի տասնյակ մարդիկ, մայիսի 12-ին Չիլաու քաղաքում քարկոծել են մզկիթներն ու մուսուլմաններին պատկանող խանութները Facebook-ում ծայր առած լեզվակռվից հետո: Տեղական ԶԼՄ-ները նաեւ հայտնել են մի քանի միջադեպերի մասին, որոնք լույս երկուշաբթի գիշերը տեղի են ունեցել քաղաքի արվարձաններում:
Ապրիլի 21-ին՝ կաթոլիկների ու բողոքականների կողմից Զատիկի տոնակատարության օրը, Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական գործողությունները: Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բաթիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկական եկեղեցիներում՝ զատկական ծիսակատարությունների ժամանակ եւ հյուրանոցներում: Ըստ վերջին տեղեկությունների, ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է շուրջ 250 մարդ:
Իշխանությունները ենթադրում են, որ գրոհների հետեւում կանգնած է «Ջամաաթ աթ Թահուիդ ալ Վաթանիա» տեղական խմբավորումը, որը կարող է կապեր ունենալ արտասահմանյան իսլամիստական կազմակերպությունների հետ: Մինչ այժմ իշխանություններն արդեն ավելի քան հարյուր մարդ են ձերբակալել, որոնք, ենթադրաբար, մեղսակից են ահաբեկչական գործողություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: