ԲԴԽ-ն դատավոր Դավիթ Գրիգորյանին հայտարարել է նախազգուշացում
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումով:
Ինչպես հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացրած հաղորդումը՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ:
Հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թ. մարտի 25-ին որոշում է կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:
2019 թվականի մայիսի 2-ին, Խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հանդես գալով որպես դատարան, քննության առավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը:
Մայիսի 13-ին, օրենքով սահմանված կարգով, հրապարակվեց Խորհրդի որոշումը, որում մասնավորապես նշված է, որ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել և դատավոր Դ. Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Մայիսի 13-ին կայացած նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացրեց նաև բավարարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը և նրա անուն-ազգանունը վեց ամիս ժամկետով հանել գործերի բաշխման ցանկից: