«Մարտի 1»-ի գործով մյուս մեղադրյալների պաշտպանները այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել. «Փաստինֆո»
Այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում քննարկվելու է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց գործով մյուս մեղադրյալների պաշտպանների հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք նրանք ծանուցում ստացել են նիստի վերաբերյալ եւ մասնակցելու են նիստին թե ոչ։
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իրենք ծանուցում չեն ստացել եւ չեն մասնակցելու նիստին. «Ըստ ՍԴ որոշման՝ դա առանձին հրավիրվող դատական նիստ է, եւ մեր ներկայությունը՝ որպես կողմ, պարտադիր չէ. եթե անձը գտնվում է կալանավորման մեջ, գործը դատարան ուղարկելուց հետո առանձին նիստով քննարկվում է այդ անձի կալանավորման մեջ լինելու հարցը, իհարկե, մյուս անձանց խափանման միջոցներին դատարանը եւս անդրադառնում է, բայց դա քննարկում է միանձնյա, ոչ թե նրանց մասնակցությամբ»,-ասաց Ալեքսանյանը։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը կարծում է, որ իրենց ներկայությունը՝ որպես կողմ, պարտադիր է. «Թեեւ մենք ծանուցում չենք ստացել, բայց ես կարծում եմ, որ մեր ներկայությունը պարտադիր է, դեռ կորոշենք՝ մասնակցելու ենք այսօրվա նիստին թե ոչ»,-ասաց նա։
Իսկ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի խոսքով էլ՝ իրենք լրատվամիջոցներին են իմացել նիստի մասին. «Կարծում եմ՝ եթե դատարանը անհրաժեշտ գտնի եւ ծանուցի, գուցե մասնակցենք, բայց այս պահին ոչ ծանուցում ունենք, ոչ էլ «Դատալեքս»-ում է նշված, որ նիստ կա»,-հայտնեց Կարեն Մեժլումյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: