«Միջուկային գործարքի» երաշխավոր երկրներին Իրանի վերջնագիրը չի վերաբերի ՌԴ-ին
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վերջնագրին այն մասին, որ «միջուկային գործարքի» երաշխավոր երկրները պետք է 60 օրվա ընթացքում կատարեն Իսլամական Հանրապետության հանդեպ իրենց պարտավորությունները, չի վերաբերում Ռուսաստանին: Այդ մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Իրանի դիվանագիտական շրջանների բարձրաստիճան մի աղբյուր:
Ինչպես «Իզվեստիա»-ին պատմել է Իրանի դիվանագիտական շրջանների աղբյուրը, Իսլամական Հանրապետության ուղերձն ուղղված է հիմնականում եվրոպական մասնակիցներին՝ նրանց ստիպելու ավելի արագ գործարկել Իրանի հետ հաշվարկների վճարային մեխանիզմը՝ առանց ԱՄՆ-ին նայելու:
«Մենք նամակներ ենք հղել պայմանագրի հինգ մասնակիցներին: Այդ նամակների տեքստը նույնական է: Բայց դա բնավ չի նշանակում, թե Ռուսաստանի նկատմամբ մեր դիրքորոշումը նույնպիսին է, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի նկատմամբ: Ռուսաստանի նկատմամբ մեր դիրքորոշումը մենք շատ խիստ տարբերում ենք եվրոպական երկրների նկատմամբ մեր դիրքորոշումից»,- մեջբերում է հրատարակությունն Իրանի դիվանագիտական շրջաններից զրուցակցի խոսքը:
Այն հարցին, թե դա նշանակում է արդյոք, որ Իրանի ղեկավարի վերջնագիրը չի վերաբերում Մոսկվային, թերթի աղբյուրը դրական պատասխան է տվել, հաղորդել է «Ինտերֆաքսը»: