«Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացու օրվա» իր հիմնավորմամբ ինձ անվանել է չքաղաքացի. Նա պետք է ներողություն խնդրի». Արթուր Դանիելյան
Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տնտեսագետ, «Ադեկվադ» հաղորդաշարի համահեղինակ Արթուր Դանիելյանը գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ ինքը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հայցադիմումի մանրամասներին ծանոթանալու համար 168.am-ը զրուցեց Արթուր Դանիելյանի հետ:
Վերջինս տեղեկացրեց, որ հայցադիմումը վարույթ ընդունելու դեպքում, ինչին ինքը խիստ կասկածում է, ինքը Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնելու է ներողություն խնդրել հնչեցրած մի շարք արտահայտությունների, ինչպես նաև նոր իշխանությունների կողմից «Քաղաքացու օր» հռչակված տոնի` փաշինյանական հիմնավորման համար:
«Ուղղորդվելով ՀՀ Սահմանդրության մի քանի հոդվածներով, մասնավորապես` 3-րդ հոդվածի 1-ին կետով, որը պնդում է, որ մարդու անօտարելի արժանապատվության զգացումը ազատությունների անքակտելի հիմքն է, 20-րդ հոդվածով, որն ասում է, որ մարդու արժանապատվությունը անխախտելի է, 29-րդ հոդվածով, որը պնդում է, որ խտրականությունը` կախված քաղաքական կամ այլ հայացքներից, արգելվում է, և 31-րդ հոդվածի 1-ին կետով, որը պնդում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունք, ես խնդրել եմ դատարանին պարտադրել, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի, քանի որ սահմանելով «Քաղաքացու օրը» այն հիմնավորմամբ, որով այն ընդունվել է, նա ինձ անվանել է չքաղաքացի` դրանով վիրավորելով ու խախտելով իմ բարի համբավը: Ըստ այդմ` ես դատարանի միջոցով պարտավորեցնելու եմ նրան ներողություն խնդրել ինձ վիրավորելու, խտրական վերաբերմունք դրսևորելու ու իմ իրավունքները խախտելու համար»,-ասաց Արթուր Դանիելյանը:
Հայցադիմումը ներկայացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք, որ ս/թ մարտի 21-ի Կառավարության նիստում գործադիրը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ Գործադիրի` Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թ. ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ըստ այդմ՝ առաջարկվել էր ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: