«Նիկոլին 100 տոկոսով երեք-չորս «Սիլվա է» սպասելու…». Գուրգեն Եղիազարյանը՝ Քոչարյանի գործի մասին
«Արցախի նախագահները, որպես մարդ, որպես քաղաքացի, որպես մեր երկրի համար բավականին գործ արած մարդիկ՝ որոշել էին դիմել, որ, ինչո՞ւ ոչ, այս տոներին ազատ արձակեն Ռոբերտ Քոչարյանին, և նա մասնակցի Արցախում միջոցառումներին։ Մարդիկ արեցին իրենց քայլը, զրո պատասխան ստացան: Ինչի՞ համար, որովհետև այս ամեն ինչը (մենք ձայնագրություններով ունենք հաստատում) վերահսկվում է Նիկոլի կողմից, լուռումունջ, սուսուփուս»,- արձագանքելով Արցախի նախագահների հայտնի նամակին ու այդ թեմայի շուրջ ասուլիսին վարչապետի հնչեցրած մտքերին՝ նկատեց Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
Խոսելով Քոչարյանի գործի մյուս մանրամասներից՝ նա նշեց. «Այս գործը, որն ուղարկում են (Մարտի 1-ով) դատարան՝ առոչինչ է… Ինչո՞ւ եմ էդպես ասում. տարբեր տեղերից լսում եմ, որ էլի քրեական գործեր պիտի հարուցվեն. երբ ձեռքները բան չկա, և վստահ չեն, որ անցկացնելու են, նոր քրեական գործեր են պետք»։
«Իրենց փայ Սիլվան, երբ գնալու լինեն, դռների հետևում իրենց սպասելու է. Նիկոլին, 100 տոկոսով, երեք-չորս Սիլվա է սպասելու ու կյանքը ուտելու են»,- հավելում է նա։
Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով։
ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանում էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին գլխավոր դատախազին ուղղված՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասված էր.
«Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»։
Զարուհի Դիլանյան