Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ ինչպես հանձն էր առել, այս տարվանից սկսած ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի կողքին պայքար մղել հանուն արդարության և ճշմարտության: «Դա մեր պարտքն է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև այն փրկվածների և փախստականների հանդեպ, որոնց Ֆրանսիան գրկաբաց ընդունեց և որոնց ժառանգները կերտեցին մեր երկրի պատմությունը:
Համատեղ ճակատագիր կերտելու հնարավորություն ունենալու համար պետք է կարողանալ շիտակ նայել անցյալին՝ գլուխ խոնարհելով մեռյալների հիշատակի առջև և հարգելով ողջերի հիշողությունը: Դա իմ համոզմունք է, և գիտեմ, որ այն կիսում է նաև Հայաստանը: Մենք ձեր կողքին ենք հիշողության պահին, ձեր կողքին ենք նաև հանուն Հայաստանի ապագայի՝ հիմա, երբ կերտվում է նրա պատմության նոր էջը, որը պետք է լինի խաղաղության և բարագավաճման էջ»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում:
Էմանուել Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան և Հայաստանը ձեռք-ձեռքի տված հպարտ են իրենց բարեկամությամբ և վստահ ապագայի հանդեպ: