Ճապոնիայում մարդիկ են տուժել 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով
Ճապոնիայում առնվազն երկու մարդ է տուժել Կյուսյու հարավարեւմտյան կղզում մայիսի 10-ին տեղի ունեցած 6,3 մագնիտուդով ուժգին երկրաշարժի հետեւանքով: NHK հեռուստաալիքի տվյալներով՝ Օյտա քաղաքում 79-ամյա տղամարդն ընկել է իր այգու 2,5 մետրանոց աստիճանից եւ գլխի լուրջ վնասվածքներ ստացել: Կիրիսիմա քաղաքում 40-ամյա կինը նույնպես վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Միյաձակի քաղաքում երկրաշարժից վնասվել է գազատարը, որն այժմ նորոգվում է: Կյուսյու կղզու հարավում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, ժամանակավորապես էեկտրաէներգիայից զրկվել է մոտավորապես 1,7 հազար ընտանիք:
Միեւնույն ժամանակ հաղորդումներ չեն ստացվել լայնածավալ ավերածությունների, կոմունալ եւ տրանսպորտային համակարգերի աշխատանքում խափանումների մասին:
Երկրաշարժի օջախը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:48-ին (Երեւանի ժամանակով 03:48-ին) գտնվում էր Կյուսյու կղզու հարավ-արեւելքի Միյաձակի պրեֆեկտուրայի ափին 20 կմ խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: