«Մալայան» բուժկենտրոնում տեսողությունը կորցրած տուժածներից մեկը մանրամասներ է պատմում
Այսօր hraparak.am-ը տեղեկացրել էր, որ Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 8 հիվանդների, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։
Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։
Տուժածներից մեկի հարազատը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, գնացել են սովորական սրսկման, որպեսզի մեկ ամիս հետո վիրահատեն, հետո, երբ տեսել են բարդություն կա՝ միանգամից սկսել են վիրահատել: Անհապաղ վիրահատել են մայիսի 8-ին:
«Տեսան, որ ինֆեկցիա է անցել աչքի մեջ, ասացին՝ չենք հասկանում, թե դա ինչպե՞ս է հայտնվել: Հետո պարզեցին՝ դեղը, որ ներարկել են հիվանդներին, դրա մեջ վիրուս կա, որն էլ ինֆեկցիա է առաջացրել, աչքի տակ թարախ է եղել: Տարան ամեն աչքին երեք ասեղ սրսկեցին, ասեցին՝ իբր բիբերը չփոքրանան, լայնանա, որ տեսադաշտը կարողանա բացվել: Հաջորդ օրը կանչեցին ստուգելու, տեսնեն՝ փոփոխություն կա՞, թե՞ չէ, ավելի էր վատացել վիճակը, լույսի շողք էլ չէր տեսնում: Անհապաղ վիրահատություն արեցին:
Քանի որ իրենց մեղավորությունն էր, ասացին՝ գոնե գումարի կեսը վճարեք, մերոնք հանեցին, 270.000 դրամ վճարեցին: Այդտեղ մի գնդապետ կար, ում զոքանչը նույնպես այդ վիճակում էր, սկսեց վիճել, բոլոր հիվանդները, ովքեր կուրացել էին, նրանց գումարները հետ վերադարձրեցին ու բոլորին էլ անվճար վիրահատեցին: Աչքի հատակը՝ բորբոքված հատվածը, մաքրել էին: Հիմա մարդկանց շողքերն է տեսնում, շորերի գույները»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ իրականում խոսքը ոչ թե 8, այլ 6 հիվանդի մասին է, հիմա այնտեղ է Առողջապահության փոխնախարարը, ներկայացուցիչներ բուժվարչությունից ու «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից», և մանրամասներ կներկայացնեն ավելի ուշ:
Անի Կարապետյան