Հաքերները ներխուժել են կրիպտոբորսա և 41 միլիոն դոլարի բիթքոյն հափշտակել
Ցանցահենները «կոտրանքի» են ենթարկել սակարկությունների ծավալով աշխարհի խոշորագույն կրիպտոբորսաներից մեկը՝ Binance-ը, եւ հափշտակել գրեթե 41 միլիոն դոլարի բիթքոյններ: Այդ մասին ասված է Binance ընկերության հաղորդագրության մեջ:
«Մենք անվտանգության խոշոր խախտում հայտնաբերեցինք… 2019 թվականի մայիսի 7-ին ըստ UTC-ի 17:15-ին (Երեւանի ժամանակով 21:15-ին): Հաքերներին հաջողվել է ստանալ օգտատերերի՝ մեծ քանակությամբ API-բանալիներ, երկֆակտոր աուտենֆիկացիայի կոդեր եւ, հնարավոր է այլ տեղեկատվություն: Հաքերներն օգտագործել են տարբեր մեթոդներ, ներառյալ ֆիշինգը, վիրուսները եւ այլ գրոհներ»,- նշվում է տեղեկագրում: Դրա հետեւանքով չարագործներին հաջողվել է մեկ գործողության միջոցով հանել 7 հազար բիթքոյն (շուրջ 40,8 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով):
Ճշտվում է, որ միջոցները դուրս են բերվել բիթքոյնների «թեժ» (ակտիվ) հաշվի միջոցով, (որտեղ եղել է կրիպտոսակարանի բիթքոյնների ընդհանուր քանակության շուրջ 2 տոկոսը): Ընկերության մյուս բոլոր դրամապանակները մնացել են անվնաս: Կրիպտոսակարանը մտադիր է վնասը հատուցել իր SAFU հիմնադրամի հաշվին, ըստ որում օգտատերերի միջոցները չեն օգտագործվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: