Լահորում պայթյունից զոհվածների թիվը հասել է տասի
Պակիստանի Փենջաբի նահանգի Լահոր քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է տասի, տուժել է 20 մարդ: Այդ մասին հայտնել է Samaa հեռուստաալիքը՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունի զոհ է դարձել հինգ հոգի, վերքեր են ստացել տասնյակ մարդիկ: Պայթյունը որոտացել է մայիսի 8-ին Դատա Դարբար տաճարի մերձակայքում: Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունն իրականացրել է քաղաքում գործող ահաբեկչական խմբերից մեկը: Գրոհի թիրախը դարձել է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի մարտիկներին փոխադրող ավտոբուսը:
Վերջին տվյալներով՝ ինը վիրավորների վիճակը գնահատվում է՝ օրհասական: Նրանց բոլորին արագորեն տեղափոխել են մերձակա բուժհաստատություններ, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն Է ցուցաբերվել: Ոստիկանությունը շրջափակել է պատահարի վայրը: Կատարվում է հետաքննություն:
Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Հիզբուլ Ահրար» խմբավորումը, որն ավելի վաղ անջատվել է «Թեհրիք-ե Թալիբան Պակիստան» արմատական խմբավորումից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: