Բաժիններ՝

Իրանն սպառնացել է վերսկսել ուրանի հարստացումը և Արաքի ռեակտորի արդիականացումը

Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացման եւ Արաքի ռեակտորի արդիականացման աշխատանքները, եթե իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցները չկատարեն իրենց պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, որի ելույթը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը:

«ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցները 60 օր ունեն բանկային ոլորտի եւ իրանական նավթի առեւտրի հարցերին վերաբերող իրենց պարտավորությունների կատարման համար: Եթե այդ ժամկետում Իրանի շահերը հաշվի չառնվեն, մենք կդադարեցնենք ուրանի հարստացման գծով պայմանների կատարումը եւ կշարունակենք Արաքի՝ ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացումը»,-ասել է Ռոուհանին:

60 օրվա ընթացքում Թեհրանը չի կատարելու ԳՀՀԾ-ի երկու կետով նախատեսված պայմանները: Ինպես պարզաբանել է նախագահը, «կկասեցվեն երկրում առկա հարստացված ուրանի եւ ծանր ջրի վաճառքները մյուս երկրներին», ինչպես պահանջում է գործարքը: Ուրանը եւ ծանր ջուրը կպահվեն Իրանի տարածքում: Ռոուհանին նաեւ նշել է, որ «Իրանին այլ տարբերակ չի մնացել, քան ԳՀՀԾ-ի գծով պարտավորությունների կրճատումը», եւ երկիրը դրան դիմում է «իր իրավունքների ապահովման նպատակով», ինչպես նաեւ «բոլոր երկրների կողմից գործարքի պայմանների հավասարակշռված կատարմանը» հասնելու համար: Ռոուհանին նշել է, որ «ԳՀՀԾ-ն չի դադարեցնում իր գործողությունը», իսկ «Իրանը դուրս չի գալիս համաձայնագրից»:

«Գործարքի մասնակից հինգ երկրների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Գերմանիա) ներկայացուցիչներին ուղարկվել են համապատասխան նամակներ: Մենք մեկ տարի սպասում էինք գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումից հետո, ինչպես մեզ խորհուրդ էին տվել մյուս մասնակիցները, եւ կատարում էինք բոլոր պարտավորությունները: ԳՀՀԾ-ն չի փոփոխվել: Մենք պատրաստ ենք այսուհետեւ էլ քննարկել այդ համաձայնագիրը, դրա կատարումը»,-նշել է Իրանի նախագահը:

Ռոուհանին հավելել է, որ «Եվրամիությունը մինչ այժմ չի կարողացել կատարել տնտեսական ոլորտում Իրանին տված իր խոստումները»: Մասնավորապես, խոստումները վերաբերում էին ամերիկյան պատժամիջոցների շրջանցման մեխանիզմների ստեղծմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս