ՀՔԾ-ում դեռ նյութեր են նախապատրաստվում Գագիկ Ծառուկյանի գործով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ դեռևս չի հարուցվել։
«Գործն այս պահին գտնվում է նյութերի նախապատրաստման փուլում»,- 168.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ ՔՈ կուսակցությունը դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։
Արթուր Դավթյանը հայտարարեց, որ ստուգողական գործողություններ կկատարվեն, և դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական։
Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանին կոչ էր արել հրապարակային պարզաբանումներ ներկայացնել։
Այսօր Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է այդ պարզաբանումները՝ անհամաձայնություն հայտնելով բարձրացված խնդրի առնչությամբ և հավաստիացնելով, որ իր գործունեությունը համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն: