Կարծում եմ, պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք. ԱԺ նախագահի գրությունն՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջուըմ գրառում է կատարել՝ հայտնելով, որ գրություն է ուղարկում ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ու ներկայացնելով գրության բովանդակությունը: Գրությունում ասված է.
«Հարգելի պարոն Ծառուկյան,
2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում Ձեր ելույթում և դրան հաջորդած մամուլին տրված հարցազրույցների ընթացքում Ձեր կողմից հնչեցրած հայտարարությունները Ազգային Ժողովի մեր գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացրել Ձեր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, մինչդեռ, ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ազգային ժողովի պատգամավորին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։
Խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը, ինձ ուղղվել է առաջարկ՝ Ազգային ժողովում ձևավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով։ Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ։
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև «Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, համաձայն որի, պատգամավորը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով և չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի։ Հորդորում եմ այսուհետ առավել հետևողական և ուշադիր լինել նույն օրենքի 4-րդ հոդվածով պատգամավորի շահերի բախման իրավիճակների համար սահմանված կարգավորումներին հետևելու առումով։
Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում ծավալված քաղաքական, իրավական, տնտեսական գործընթացները վերացնում են սեփական բիզնես շահերը քաղաքական դերակատարությամբ հովանավորելու՝ անգամ քողարկված մեխանիզմների անհրաժեշտությունը, երբ դե-յուրե պատգամավորը կարող էր իր ձեռնարկությունը հանձնել հավատարմագրային կառավարման, սակայն փաստացի շարունակել զբաղվել դրա անմիջական կառավարմամբ։
Ընդհակառակը՝ ստեղծված են բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները, որպեսզի քաղաքական և ձեռնարկատիրական գործունեություններն ի վերջո տարանջատվեն միմյանցից՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ազատորեն զբաղվել գործունեության այդ տեսակներից առավել նախընտրելիով։
Ավելին՝ կարծում եմ, որ որևէ կոնկրետ անձով կամ դերակատարով չպայմանավորված և բացառապես ինստիտուցիոնալ այս մոտեցումը ուղենիշ պետք է լինի առաջիկա իրավաստեղծ գործընթացների համար՝ իր զարգացումը և իրավական հստակեցումը գտնելով համապատասխան օրենքներում։
Հարգանքով՝ Արարատ Միրզոյան»։
Հետևյալ բովանդակությամբ գրություն եմ ուղարկում ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին․«Հարգելի…
Gepostet von Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan am Donnerstag, 2. Mai 2019
Ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով պատգամավորի լիազորությունների դադարեցումը` պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքերում: Ինչպես նաև, օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանցակազմի առկայությունը։ Նույն հիմքերով դիմում է հղվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, և ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` խնդրո առարկայի վերաբերյալ քննություն անցկացնելու համար:
ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին մայիսի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: