Բաժիններ՝

«Արսենալ»-«Վալենսիա». Կկարողանա՞ն լոնդոնցիները վերջ տալ անհաջող շարքին

Այսօր «Էմիրեյթս» մարզադաշտում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում կհանդիպեն «Արսենալը» և «Վալենսիան»: Լոնդոնցիները, ովքեր բարդ դրությունում են հայտնվել Պրեմիեր լիգայում, պետք է կարողանան հաղթանակ տանել Եվրոպայի լիգայում և պայքարել այս մրցաշրջանում միակ տիտղոսի համար:

«Արսենալ»

«Վալենսիայի» հետ խաղին «Արսենալը» մոտենում է ոչ լավագույն մարզավիճակով: Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի հանդիպումում լոնդոնցիները կրկին պարտվեցին: Այս անգամ Ունայի Էմերիի թիմը չկարողացավ հաղթել «Լեսթերին»` 0:3: Սա երրորդ անընդմեջ պարտությունն էր լոնդոնյան թիմի համար: Այս խաղից առաջ թիմը պարտվել էր նաև «Վուլվերհեմթոնին» (1:3) և բավականին անսպասելիորեն միավորներ կորցրել «Քրիսթալ Փելեսի» հետ տնային խաղում (2:3):

Վերջին պարտությունը ընդհատեց Ունայի Էմերիի թիմը տնային անպարտելի խաղերի շարքը, որը կազմում էր 8 խաղ:

Սակայն, այս հատվածում լոնդոնցիները հաղթեցին Եվրոպայի լիգայի երեք հանդիպում: «Արսենալը» հաղթեց ԲԱՏԷ-ին (3:0), «Ռեննին» (3:0) և «Նապոլիին» (2:0):

Առհասարակ, «Արսենալը» բավականին հանգիստ դուրս եկավ խմբից, չպարտվեց ոչ մի խաղում, և ոչ մի մրցակից այդպես էլ չկարողացավ մրցակցություն ստեղծել Ունայի Էմերիի թիմի համար: Միայն «Սպորտինգն» էր, որ պայքարեց և կարողացավ խլել միավորներ լոնդոնյան թիմից՝ գոլազուրկ ոչ-ոքիի միջոցով:

Լոնդոնյան թիմի հաջորդ մրցակիցը ԲԱՏԷ-ն էր, ով առաջին խաղում կարողացավ անակնկալ հաղթանակ տոնել: Սակայն երկրորդ խաղում լոնդոնյան ակումբը կարողացավ լավ խաղ ցուցադրել և հաղթել 3:0 հաշվով:

Եվրոպայի լիգայի նախորդ փուլում «զինագործները» նույնպես դժվարություններ ունեին: Նրանք 1:3 հաշվով պարտվեցին «Ռենին», բայց կարողացան ռևանշ վերցնել տանը՝ մրցակցի դարպասն ուղարկելով երեք անպատասխան գնդակ:

Սակայն, լոնդոնյան թիմը բավականին հաջող էր «Նապոլիի» հետ երկու խաղերում էլ:

Թիմում վնասվածքներ ունեն Աարոն Ռեմսին, Ռոբ Հոլդինգը, Դենի Ուելբեքը, Դենիս Սուարեսը և Հեկտոր Բելյերինը: Հարցականի տակ է Նաչո Մոնրեալի ու Մեզութ Օզիլի մասնակցությունը:

«Վալենսիա»

Վերջին խաղերում «չղջիկները» նույնպես չեն փայլում: Պրեմիերայի նախորդ երկու հանդիպումներում էլ թիմը պարտվել է: Նախ «Վալենսիայի» ճանապարհին կանգնեց «Ատլետիկոն» (2:3), իսկ հետո՝ «Էյբարը» (0:1): Առաջնության ավարտից երեք տուր առաջ թիմը վեցերորդ հորիզոնականում է՝ չորրորդ տեղին զիջելով երեք միավորով:

Եվրոպայի լիգայում «Վալենսիան» չի պարտվում 7 խաղ անընդմեջ՝ հաղթելով դրանցից 6-ում: Այս ժամանակահատվածում Մարսելինո Թորալի թիմը հաղթեց «Սելթիկին» (2:0) և «Վիլյառեալին» (3:1), ինչպես նաև խաղը ոչ-ոքի ավարտեց «Կրասնոդարի» հետ (1:1):
Այս խաղի համար որակազրկված է Ֆրանսիս Կոլկլենը: Վնասվածքներ ունեն Դենիս Չերիշևը և Ժոֆրե Կոնդոգբիան: Հարցականի տակ է Կրիստիան Չիչինիի մասնակցությունը:

Երկու թիմերն էլ չափազանց մոտիվացված են: Վերջին հանդիպումների ժամանակ երկուսն էլ չկարողացան հաղթել՝ դժվարացնելով Չեմպիոնների լիգայի գոտի մտնելու իրենց շանսերը: Բացի այդ, Եվրոպայի լիգան միակ տիտղոսն է, որ «Արսենալը» կարող է հաղթել այս մրցաշրջանում:

Լոնդոնցիները տանը ցուցադրում են շատ լավ ֆուտբոլ: Վերջին 17 տնային հանդիպումներից 14-ում Ունայո Էմերիի թիմը հաղթել է: Եվ հենց Եվրոպայի լիգայում էլ իրենց խնդիրների մեծ մասը լոնդոնցիները լուծել են սեփական հարկի տակ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս