Լ.Զուրաբյանը չի ընդունում Շահնազարյանի հրավերը

«Ես առաջին անգամ եմ լսում այդ հրավերի մասին: Բացի այդ, Կոնգրեսի պաշտոնական կարծիքը հայտնելու լիազորված որևէ անձ Շահնազարյանին չի մեղադրել մեր ակցիաներին չմանակցելու համար, և ընդհանրապես որևէ մեղադրանք չի ներկայացրել: Ինչ վերաբերում է բանավեճին, ապա  կարող եմ ասել, որ իմ` որպես ընդդիմադիր գործչի բանավեճը միշտ եղել է իշխանությունների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խոսելով ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի կողմից իրեն բանավեճի հրավիրելու մասին:

«Ես ընդդիմադիր ուժ լինելու հավակնություններ ունեցողների հետ բանավիճելու ցանկություն չունեմ: Կոնգրեսը չունի բանավեճ այլ ընդդիմադիր ուժերի հետ, Կոնգրեսի բանավեճը և կռիվը իշխանության հետ է»,- ասաց նա:

Բոլոր այն  ընդդիմադիրներին, ովքեր քննադատում են ՀԱԿ-ին՝ ասելով, թե Կոնգրեսը սխալ է վարում իշխանափոխության քաղաքականությունը, Լ.Զուրաբյանը խորհուրդ տվեց ոչ թե մտնել Կոնգրեսի հետ բանավեճի մեջ, այլ գործով ապացուցել իրենց իրավացիությունը: «Գնացե՛ք և գործո՛վ ցույց տվեք, թե ինչպես է պետք կռվել այս իշխանության դեմ և իրականացնել իշխանափոխությունը: Իսկ եթե դուք դա չեք անում, և իշխանությունների փոխարեն քննադատում եք մեզ, ուրեմն լծվել եք իշխանության պահպանման գործին»,- ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ aravot.am-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով դիտարկմանը, թե ՀԱԿ-ից նաև մեղադրանքներ են հնչել, որ ՀԱԿ-ից հեռացածները չեն մասնակցել ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի և մյուսների կազմակերպված ակցիաներին, Դ. Շահնազարյանն ասել էր. «Այո, հնչել են նաև նման «մեղադրանքներ», որոնց հեղինակը ՀԱԿ-ի գրասենյանի և խմբակցության ղեկավարն է: Մի անգամ էլ հրավիրում եմ իրեն` այդ հարցը հրապարակայնորեն քննարկելու: Խոստանում եմ, որ միայն այդ հարցը կքննարկենք, քանի որ քաղաքական հարցերի վերաբերյալ երբ նույն առաջարկով հանդես եկա` մերժեցին: Իմ խորին համոզմամբ` մերժման պատճառը հակափաստարկների բացակայությունն է: Ինչևէ, քննարկենք այս հարցը՝ ո՞վ բարոյական իրավունք ունի Տիգրան Առաքելյանին պաշտպանելու և ո՞վ չունի: Հուսանք, որ գոնե այս քննարկումը կկայանա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս