Ոստիկանությունը խստացրել է «Հարսնաքարի» գործով մեղադրանքները

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանությունը վերաորակավորել է «Հարսնաքարի» գործով կալանավորված վեց հոգու մեղադրանքները, և եթե նախկինում քրեական օրենսգրքի մեկ հոդվածի հատկանիշներով էին մեղադրանքներ առաջադրված, ապա այժմ` երեք: Այս մասին ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևոր գործերի քննության վարչության Երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանը, ում գլխավորած բաժնում էլ ընթանում է նախաքննությունը:

Այվազյանը նաև նշել է, թե վերաորակավորման մասին որոշումը կայացվել է երկու օր առաջ` հուլիսի 31-ին:

Գլխավոր տարբերությունը հետևյալն է` եթե նախկինում մեղադրանքն ուներ այս ձևակերպումը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, ապա նոր ձևակերպումն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:

Տարբերություն կա նաև առաջարկվող պատժաչափերի առումով: Քանի որ ավելացել են երկու հոդվածներ, ենթադրվում է, որ այդ հոդվածների համար նախատեսված պատժաչափերը կգումարվեն ու կառաջարկվի ավելի երկար պատժաչափ:

Կարդացեք նաև

«Նախկինում նրանց մեղադրանքը առաջադրված էր Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով։ Մեղադրանքի էությունը կայանում էր նրանում, որ մի խումբ անձանցով մի քանի անձանց առողջությանը պատճառել են ծանր վնաս։ Հիմա արդեն մեղադրանքները փոփոխվել են։ Մասնավորապես, փոփոխման հիմք է հանդիսացել այն, որ մարմնական վնասվածքի հետևանքով Վահե Ավետյանը դժբախտաբար մահացել է»,- նշել է Արսեն Այվազյանը։

Այվազյանի խոսքով՝ մեղադրանքների փոփոխման հիմք է հանդիսացել նաև այն, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզել են` 5 տուժողներից երկուսին` Արտակ Բայադյանին ու Գարիկ Սողոմոնյանին, պատճառվել է միջին ծանրության մարմնական վնասվածք, իսկ մյուս երկուսի` Արկադի Աղաջանյանի ու Էդգար Նիկոյանի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

«Թույլ տվեք ձեզ ներկայացնել մեղադրանքի հոդվածները՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, ինչպես նաև 118-րդ հոդված»

Այվազյանը հավելել է, թե Վահե Ավետյանի մասով նոր` խստացված մեղադրանքը (Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի երկորդ մասի 14-րդ կետ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին էլ:

Տեսանյութեր

Լրահոս