Բաժիններ՝

ԵԿՄ վարչությունն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա կապակցությամբ

Երկրապահ կամավորականների միության վարչությունն ուղերձ է հղել քաղաքացու օրվա կապակցությամբ: 

«2018թ. ապրիլին մեր երկրում տեղի ունեցան նախադեպը չունեցող իրադարձություններ: Արժանապատվության հստակ գիտակցումով` Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնեց իր իրավունքներին`եզակի  միասնականություն, համախմբվածություն և կամք դրսևորելով: Մեր երկրի հազարավոր քաղաքացիներ ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական, բարոյական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունից ելնելով` տարիներ  շարունակ ցույցերով ու երթերով իրենց ոտնահարված պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Եվ միայն 2018-ի ապրիլյան այս օրերին քաղաքացու անկոտրում կամքի շնորհիվ մեր աննահանջ պայքարն իր վերջնական հաղթական ավարտին հասավ: Ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:

Հայրենակիցնե′ր, մենք հպարտությամբ կարող ենք ամրագրել, որ թավշյա ոչ բռնի հեղափոխությունը մեր նորօրյա պայքարի ամենալուսավոր, ամենափառահեղ էջերից է: Չլիներ հետևողական պայքարով և ժողովրդի համախմբվածությամբ ձեռք բերված հաղթանակը, համընդհանուր անվստահության, արհամարհանքի  ու իրավազրկության մթնոլորտում չէր արժևորվի նաև արցախյան ազատամարտը, չէր լինի նաև ազատամարտիկների վերամիավորումը:

Երկրապահ կամավորականների միությունը շնորհավորում է Նոր Հայաստանի քաղաքացուն` «Քաղաքացու օրվա» կապակցությամբ և կոչ է անում  միասնական  ջանքերով պահպանել համաժողովրդական շարժման արդյունքում մեր ձեռքբերումները, ինչը կամրապնդի մեր պետականությունը և միջազգային ատյաններում կբարձրացնի մեր  երկրի հեղինակությունը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս