ԱՄՆ-ում մասնավոր ընկերությանն առաջին անգամ թույլատրել են ապրանքներ առաքել անօդաչուների միջոցով. WSJ
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) առաջին անգամ երկրի մասնավոր ընկերության թույլ է տվել անօդաչուներ օգտագործել սպառողներին ապրանքներ առաքելու համար: Ինչպես ապրիլի 24-ին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը, այդ իրավունքը տրվել է Wing Aviation ընկերությանը, որը մտնում է Alphabet հոլդինգի կառուցվածքի մեջ, եւ այդ որոշումը «կարող է խթանել ամբողջ երկրում անօդաչուների միջոցով առաքման ծառայությունների հայտնվելուն»։
Ընկերությունը, The Wall Street Journal-ի տվյալներով՝ մշակել է Hummingbird բեռնատար անօդաչուն, որը կարող է ուղղաձիգ կերպով թռչել վեր, իսկ այնուհետեւ անցնել հորիզոնական թռիչքի: Թռիչքի կառավարումը գետնից իրականացնում է օպերատորը: Ավելի վաղ Wing Aviation ընկերությունը կատարել է համակարգի փորձարկումներ՝ պարենային խանութներից կատարելով պատվերների անվճար առաքումներ գյուղական վայրերի բնակիչներին Վիրջինիայի Բլեքսբուրգ քաղաքի շրջանում: