«Քաղաքական ապաստան խնդրելը լավ բան չի, որևէ մեկը չի ողջունում». Միքայել Մելքումյանը՝ Միհրան Պողոսյանի մասին

«Գործընթացն իրավական հարթությունում է բացառապես և մենք պետք է սպասենք դեպքերի ընթացքին, առաջ չանցնենք: Յուրաքանչյուր մարդու գործն է, թե ինքն ինչպիսի վարվելակերպ է ընտրում այս կամ այն երկրում լինելով, դիմելու այս կամ այն իր խնդիրները կարգավորելու համար: Իհարկե, քաղաքական ապաստան խնդրելը լավ բան չի, որևէ մեկը չի ողջունում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու վերաբերյալ հարցը:

Ըստ նրա՝ պետք է տարանջատել այդ երկու հարցը՝ հարցն իրավական է և ապաստան խնդրելը լավ բան չէ:

Մելքումյանը նշեց, որ այս փուլում չի կարծում, թե Հայաստանում քաղհալածյալներ կան, որովհետև հակառակը՝ քաղաքական հեղափոխությունը բերեց ժողովրդավարության ընդլայնմանը, արդարության դեֆիցիտի վերականգնմանը. «Մնում է տնտեսական հեղափոխությունը»:

Հարցին, որ այսինքն՝ Միհրան Պողոսյանի կողմից իրեն քաղհալածյալ հայտարարելը տեղին չէ՞, Մելքումյանը պատասխանեց. «Անձամբ ես չեմ գտնում, որ մենք այստեղ քաղհալածյալի խնդիր կարող ենք քննարկել»:

Դիտարկմանը՝ այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի՞ դեպքում, Մելքումյանը նշեց, թե նախկինում արդեն անդրադարձել են՝ խնդիրներն իրավական են, վերջնական փուլում հետադարձ հայացքով կորոշեն՝ ինչն էր քաղաքական, ինչը ոչ քաղաքական:

Տեսանյութեր

Լրահոս