Բաժիններ՝

Յուրի Վարդանյանը՝ Առաքել Միրզոյանի ձախողման պատճառների մասին

«Անհաջողության պատճառներից առաջին տեղում դնում եմ առանձին մարզվելու գործոնը, երկրորդ տեղում՝ կարճ ժամանակում անձնական մեծ քաշ գցելը»։ 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանի ձախողումը 30-րդ Օլիմպիական խաղերում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը։

Հիշեցնենք, որ պոկում վարժությունում Առաքել Միրզոյանը 2-րդ փորձից բարձրացրեց 148 կգ, այնուհետև 151 կգ պատվիրեց և 0 ստացավ։ 148 կգ արդյունքով նա 5-րդն էր։
Հրում վարժությունում Միրզոյանը պայքարը սկսեց 177 կգ-ից, սակայն երկու փորձն էլ ձախողեց։ Երրորդ փորձում Միրզոյանը պատվիրեց 181 կգ և դարձյալ չկարողացավ բարձրացնել ծանրաձողը

– Պարոն Վարդանյան ի՞նչ մեկնաբանություն կտաք Առաքել Միրզոյանի ձախողմանը։

– Մինչև հիմա շատ վատ վիճակի մեջ եմ այն առումով, որ ինչո՞ւ պետք է այսպես ստացվեր: Այս հարցը երեկվանից ինքս ինձ տալիս եմ և փորձում եմ պատասխան գտնել:

Կարդացեք նաև

– Եվ ի՞նչ պատասխան եք գտնում այդ հարցին:

– Երկու պատճառ եմ տեսնում։ Ձախողման առաջին սխալը գալիս է նրանից, որ ի տարբերություն մյուս օլիմպիական ծանրորդների, Առաքել Միրզոյանն անհատապես պատրաստվեց Օլիմպիական խաղերին` իրենց գյուղի ավտոտնակում: Իհարկե, առանձին մարզվելը նախնական համաձայնեցված էր Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ: Սա իհարկե իրենց որոշելիքն է, Օգսեն Միրզոյանն էլ ճանապարհ անցած մարդ է. գուցե այդպես ճիշտ է համարել: Փաստն այն է, որ Հոկսեն Միրզոյանը խնդրել է ՀԱՕԿ նախագահին, որպեսզի թույլատրի հավաքականից առանձին նախապատրաստվեն: Ես անձամբ հավաքականից առանձին մարզվելը չեմ ընդունում: Բնական է, որ իրենց անձնական խնդիրն է, բայց… Ինչո՞ւ առանձին մարզվել… Ինչո՞ւ… Ես անհաջողության պատճառներից առաջին տեղում դնում եմ առանձին մարզվելու գործոնը: Հնարավոր չէ, որ մարզիկը հաջողության հասնի` մարզվելով թիմից անկախ, առանձին: Որովհետև հավաքականի հետ մարզումների ժամանակ առկա է մրցակցություն հասկացությունը, մարզիկը ոգևորություն է զգում, իր թիմակիցների հետ պայքարի մեջ է մտնում: Սա մեծ նշանակություն ունի: Մասնագետներն էլ կարող են ասել, որ ձախողման հիմնական պատճառը միայնակ պատրաստվելն էր:

– Իսկ երկրորդ պատճառը ո՞րն է:

– Առաքելի անձնական քաշը: Առաքելը տասը կիլոգրամ քաշ էր գցել: Եվ այն էլ ոչ թե մեկ ամսում, ինչպես բոլորը գիտեն: Դա ավելի քիչ օրերի ընթացքում է եղել: Մեկ ամիս առաջ որոշում ընդունվեց, որ Առաքել Միրզոյանը պետք է 77 կգ քաշային կարգից տեղափոխվի  69 կգ: Իմ տեղեկություններով, վերջին շրջանում Առաքելն ուներ 80 կգ քաշ: Որոշումը, որ պետք է Առաքելը հանդես գար 69 կգ քաշային կարգում եւս մեկ ամիս առաջ ընդունվեց: Եվ բնական է, որ նա ամսվա սկզբից չի գցել իր քաշը, դա իմաստ էլ չուներ անելու: Խոսքն ընդամենը 10-12 օրվա մասին է: Ճիշտ է` Առաքելն իր քաշը գցել է աստիճանաբար, բայց վերջին 3-4 օրում է նրա հիմնական իջեցումը եղել: Քաշի այս չափի իջեցումը հանգեցրեց երեկվա պատկերին: Այդքան քաշ միանգամից գցելը բնական է, որ բացասաբար պետք է ազդեր: Այս քանակի քաշը մարդուն թուլակազմ է դարձնում: Այս կարգավիճակում մարդն այնքան է հյուծվում, լրիվ ջրային մասը կորցնում է օրգանիզմը, էներգիան և ուժը մրցահարթակ դուրս գալուց առաջ կորցրած է լինում:

– Պարոն Վարդանյան, ի՞նչ է նշանակում մարզիկի համար կանգնել ծանրաձողի առջև և բարձրացնել ընդամենը մինչեւ ծնկները: Ի՞նչ է տեղի ունենում մարզիկի հետ այդ պահին:

– Հնարավոր է` ձախողում, հնարավոր է` անկարողություն… Բայց սա Առաքել Միրզոյանի մասին չէ: Սա Առաքելի ոճը չէ: Ես նրան գիտեմ, նա խոստումնալից է, բայց նա իրեն ցույց տվեց այնպիսին, ասես` իրենից ոչ մի բան չի ներկայացնում: Սա շատ վատ բան է: Իրականում, էլի եմ կրկնում, նա նորմալ ծանրորդ է, հեռանկարային է, նա մեդալի հավակնորդ է: Բայց գնա կանգնի ծանրաձողի առջև, բարձրացնի ընդամենը մինչև ծնկները, ու ոչ մի պայքար չտանի ծանրաձողի հետ… Սա Առաքելը չէր: Գոնե մի փորձ աներ կրկին վերցնել, պայքարել, փորձել հրել: Այսինքն` երեք մոտեցումն էլ քաշել միայն ծնկները… Անհասկանի էր, անբացատրելի:

Մեղքը նաև մարզիչներինն է։ Նրանք Առաքելին այդ քայլին պետք է չտանեին և նրա քաշը այդքան չիջեցնեին: Բոլորին էլ ճանաչում եմ, բոլորն իմ կողմից հարգված մարդիկ են Առաքելի հետ աշխատողները, բայց պրոֆեսիոնալ մոտեցում չէր այդքան քաշ իջեցնել և նրա համար պատվիրել ամենածանր քաշերը: Մասնավորապես հրում վարժությունում երրորդ մոտեցմանը պետք է ծանրաձողի քաշը չավելացնեին: Միևնույն է՝ չէր բարձրացնելու: Առաջին իսկ մոտեցումից ես հասկացա, որ նա պատրաստ չէ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս