Ինդոնեզիայի գործող նախագահը առաջատարն է պետության ղեկավարի ընտրություններում
Ինդոնեզիայի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն պահպանում է առաջատարի դիրքը պետության ղեկավարի ընտրություններում: Ինչպես հայտնել են երկրի հասարակական կարծիքի ուսումնասիրման մի քանի առաջատար ինստիտուտներ, քվեաթերթիկների մոտավորապես 38 տոկոսի տվյալների ամփոփումից հետո նա հավաքում է ընտրողների ձայների 54-56 տոկոսը:
Նրա միակ մրցակիցը՝ պահեստի գեներալ Պրաբովո Սուբիանտոն, առայժմ ապահովել է ընտրողների մոտավորապես 45-47 տոկոսի աջակցությունը: Դրա հետ մեկտեղ ընդդիմադիր թեկնածուի շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ, իրենց հաշվարկների համաձայն, Պրաբովոն հավաքում է ձայների առնվազն 55 տոկոսը, իսկ Վիդոդոն՝ 42 տոկոսը: Թեկնածուն ինքը դիմել է իր կողմնակիցներին՝ կոչ անելով չտրվել սադրանքների: Գործող նախագահն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, ճշտելով, որ «հարկավոր է սպասել մի քանի ժամ»:
Ինդոնեզիայում ապրիլի 17-ին տեղի են ունեցել պատմության մեջ խոշորագույն ուղղակի համընդհանուր ընտրությունները: Գրեթե 193 մլն ընտրողներ կարող էին իրենց ձայնը տալ նախագահի, խորհրդարանի երկու պալատների պատգամավորների, ինչպես նաեւ տեղական օրենսդիրների օգտին: Ինդոնեզիայի նախագահի ընտրություններն անցկացվում են մեկ փուլով, հաղթելու համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: