ՄԱԿ-ի տվյալներով՝ Հալեպից փախել է շուրջ 200 000 մարդ

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք համարվող Հալեպ քաղաքից փախել է շուրջ 200 հազար մարդ այն բանից հետո, երբ երկրի կառավարական զորքերը հակահարձակում են սկսել: Այս մասին կիրակի օրը Նյու Յորքումʽ ՄԱԿ-ի գրասենյակում, հայտարարել է կազմակերպության հումանիտար առաքելության ղեկավար Վալերի Ամոսը. հաղորդում է AFP-ն:
Ամոսն անհանգստություն է հայտնել Սիրիայի իշխանությունների կողմից տանկերի, հրազենի և այլ ծանր սպառազինության օգտագործման հետ: Նրա տվյալներով՝ բնակիչների մեծ մասը ցանկանում են լքել ռազմական գործողությունների գոտին, սակայն դրա հնարավորությունը չունեն: Բացի այդ, Հալեպում խմելու ջրի, պարենամթերքի, ներքնակների ու ծածկոցների և այլ հիգիենիկ պարագաների պակաս է առաջացել:

Ականատեսները պնդում են, որ ապստամբների դիմադրությունը կոտրել դեռ չի հաջողվում: Սիրիայի կառավարությունը Հալեպի համար պայքարը դիտում է որպես քաղաքացիական պատերազմի եզրափակիչ փուլ այն դեպքում, երբ ապստամբների հրամանատարւոթյունը խոստանում է քաղաքում բանակի զինվորների համար գերեզմանատուն սարքել: ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան մերձավորարևելյան իր շրջագայության ժամանակ հայտարարել է, որ Հալեպի վրա գրոհը կլինի «մեխ Բաշար Ալ-Ասադի դագաղի խուփի վրա»:

Հալեպը Սիրիայի խողորագույն քաղաքներից մեկն է և նրա ֆինանսական կենտրոնը: Այնտեղ ապրում է շուրջ 2.5 մլն մարդ: Հուլիսի 23-ից շարունակվող մարտերի զոհերի և վիրավորների մասին ստույգ տվյալներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս