«Ասեմ, իմանաք՝ ես եմ պարոն Վանոյանի ենթական եղել». ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող ոստիկանը՝ Զարուհի Փոստանջյանին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով դատական նիստը:
Դատարանում այսօր նույնպես ցուցմունքներ տալու օր էր, և հերթը տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանինն էր, ով այդ օրերին աշխատելիս է եղել՝ որպես ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար:
Վերջինս ասաց, որ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, գնդից դուրս է եկել ու գնացել է «Զվարթնոց» օդանավակայան։ Ժամը 06:00-ի սահմաններում իրեն զանգահարել են ու ասել է, որ ՊՊԾ գունդը գրավել են: Այդ զանգից անմիջապես հետո ինքը գնացել դեպքի վայր, ուր տեսել է արդեն բազմաթիվ ոստիկանների։ Դեպքի վայրի զննության արդյունքում իր աշխատասենյակի մուտքի մոտ նկատել է իր չհրկիզվող պահարանը, որը գտնվել է իր աշխատասենյակում. այն կոտրված է եղել: Այդ պահարանում եղել է ավտոմեքենայի վաճառքից գոյացած գումար՝ մոտ 3500 ԱՄՆ դոլար, 340 հազար ՀՀ դրամ, 500 կամ 700 եվրո, ապա հրաձգարանում՝ կրկին չհրկիզվող պահարանում, հայտանաբերվել է մոտ մեկ միլիոն դրամ գումար՝ իրեն պատկանող կապույտ պայուսակի մեջ, ինչպես նաև նոթատետր:
Հարցին, թե զոհված ոստիկանների դեպքերի վերաբերյալ ի՞նչ տեղեկությունների է տիրապետում, Գեղամ Խաչատրյանն ասաց. «Մեր գնդի հրամանատարի տեղակալի մահվան փաստը իմացանք մեր տղաներից՝ այնտեղի ոստիկաններից, իսկ մեր Յուրի Տեփանոսյանի մահվան փաստը՝ նորից տղաներից և լրատվամիջոցներից: Ինչ վերաբերում է Գագիկ Մկրտչյանին, ապա նա վիրավոր է եղել, տեսել եմ արյունահոսությունը»:
Պաշտպան Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե Գագիկ Մկրտչյանին որտե՞ղ է տեսել, Խաչատրյանն ասաց՝ գնդից դուրս գալուց: Հարցին՝ ո՞ւմ հետ էր դուրս գալիս, նա պատասխանեց, որ չի հիշում: Փոստանջյանի հաջորդ հարցին, թե՝ արյունահոսությունը տեսնելուց հետո չմոտեցա՞ք իրեն, Գեղամ Խաչատրյանը պատասխանեց, որ շատերն են մոտեցել։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի այն հարցին, թե Գագիկ Մկրտչյանի արյունահոսությունը մարմնի ո՞ր հատվածից էր, տուժողն ասաց, որ չի կարող ասել, չի հիշում:
Ապա դատավորի ճշտող հարցին ի պատասխան՝ տուժողն ասաց, որ Գագիկ Մկրտչյանի մայկան արյունոտված էր, արյունը կաթում էր:
Պաշտպանի հարցին՝ արյունահոսություն ասելով՝ ի՞նչ է հասկանում, Գեղամ Խաչատրյանն ասաց. «Բառացի եմ հասկանում. արյունը հոսում էր»:
Ամբաստանյալ Արմեն Բիլյանի այն հարցին, թե՝ «Գեղամ Խաչատրյան, հիշո՞ւմ եք՝ ոնց էիք ՀՀ քաղաքացիներին լավ ծեծի ենթարկում», տուժող ոստիկանը պատասխանեց՝ «Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ բոլորիդ ճակատներին կարմիր արյունով գրված ա՝ Արթուր, Յուրի, Գագիկ»։
Երբ Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե դեպքի օրը ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո, Արթուր Վանոյանին տեսնելով, ինչպե՞ս հրաժեշտ տվեց նրան, տուժողն ասաց, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Փոստանջյանը ասաց՝ ձեր ենթակաների մասին է խոսքը, ինչին ի պատասխան՝ Գեղամ Խաչատրյանն ասաց. «Ասեմ, իմանաք՝ ես եմ պարոն Վանոյանի ենթական եղել»: